Հայաստանում ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեպքերը նվազել են շուրջ 23 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Հայաստանում էականորեն նվազել է հրազենի, ռազմամթերքի և այլ առնչակից նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի թիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։
Մասնավորապես, եթե 2023 թվականին արձանագրվել է նմանատիպ 1179 դեպք, ապա 2024-ին՝ 909։ Այսինքն՝ նվազել է 270 դեպքով կամ 22.9 տոկոսով։ Նշված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2024 թվականին կազմել է 20.8 տոկոս՝ նախորդ տարվա 27.3 տոկոսի դիմաց։
Դատախազության վերլուծության համաձայն՝ այս հանցատեսակների աճը սկսել էր հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև 2023 թվականին գրանցված իրադարձություններից հետո։ Այդ ընթացքում, ըստ հաղորդման, մի խումբ անձինք ապօրինի կերպով հրազեն և զինամթերք են տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։
Հատկանշական է նաև, որ 2024-ին արձանագրվել է քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու 293 դեպք, նախորդ տարվա 487-ի փոխարեն։ Այսինքն՝ նվազումը կազմել է 194 դեպք կամ 39.8 տոկոս։