Գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջնորդությունն ԱԺ-ին ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործը վերաբերում է Երևանում մանկապարտեզների և դպրոցների տարածքներին առնչվող հողամասերի ապօրինի առանձնացման և օտարման դեպքերին։ Ըստ քրեական վարույթի՝ Մարգարյանը, լինելով քաղաքապետ կամ առաջին տեղակալ, մասնակցել է պետության կամ համայնքի հողատարածքների ապօրինի առանձնացման, դրանց ձևական սեփականաշնորհման և իր մերձավորներին կամ փոխկապակցված անձանց փոխանցման գործընթացներին՝ այդպիսով օրինական տեսք հաղորդելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքին։
Քրեական գործի շրջանակում Մարգարյանին վերագրվում են հետևյալ արարքները․ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, պետական կամ համայնքային հողերի ինքնակամ զավթման նկատմամբ անգործություն, վարչական պատասխանատվության միջոցների դիտավորությամբ չկիրառում։
Տարոն Մարգարյանը չի ընդունում իրեն առաջադրվող մեղադրանքները։