ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմեր: Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը այցի շրջանակում զրուցել է մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքից, հարցրել՝ արդյոք երեխաներն իրենց դպրոցներում ունեն համապատասխան ենթակառուցվածք: Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցումներին: Շատերն առաջին անգամ են մասնակցում և մեծ ակնկալիքներ ունեն: Դպրոցականներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ընդգծել են, որ դպրոցներում թենիսի սեղանների բավարար քանակության դեպքում մրցաշարին մասնակցողներն ավելի շատ կլինեն:

Նախարարությունից հիշեցնում են, որ այս տարի առաջին անգամ իրականացված ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել էր հենց Կոտայքի մարզը և կստանա 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը պետք է որոշվի մարզպետարանի կողմից: Մարզի պատասխանատուները նախարարի հետ զրույցում նշել են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված, ինչպես նաև Կոտայքի դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացման խթանման նպատակով նախատեսում են նախ և առաջ թենիսի սեղաններ ձեռք բերել:

Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը 5-9-րդ դասարանների շրջանում անցկացվող համայնքային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արսեն Ավագյանի խոսքով՝ իրենք առաջին անգամ են մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին: Սեղանի թենիսի մրցաշարից հետո նախատեսում են մասնակցել նաև դպրոցականների թիմային խճուղավազքի և հեծանվավազքի մրցումներին:

«Հուսով եմ՝ կկարողանանք հաջող հանդես գալ նաև մարզային փուլում, թեև մրցակցությունը բավական մեծ է լինելու: Անկասկած, նմանօրինակ մասսայական մրցաշարերը կնպաստեն մարզաձևի զարգացմանն ու երեխաների՝ առողջ ապրելակերպի խթանմանը: Երեխաների շրջանում մեծ է ոգևորությունը: Մենք նաև դպրոցականների բասկետբոլի լիգային ենք մասնակցում և լավ արդյունքներ ենք գրանցել: Երկու շաբաթից ավելի ժամանակ ունենք. ամեն ինչ պետք է անենք մարզային փուլին ավելի բարձր մակարդակով ներկայանալու համար»,- նշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել: Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Հայերեն

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին