Հայաստան

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմեր: Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը այցի շրջանակում զրուցել է մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքից, հարցրել՝ արդյոք երեխաներն իրենց դպրոցներում ունեն համապատասխան ենթակառուցվածք: Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցումներին: Շատերն առաջին անգամ են մասնակցում և մեծ ակնկալիքներ ունեն: Դպրոցականներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ընդգծել են, որ դպրոցներում թենիսի սեղանների բավարար քանակության դեպքում մրցաշարին մասնակցողներն ավելի շատ կլինեն:

Նախարարությունից հիշեցնում են, որ այս տարի առաջին անգամ իրականացված ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել էր հենց Կոտայքի մարզը և կստանա 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը պետք է որոշվի մարզպետարանի կողմից: Մարզի պատասխանատուները նախարարի հետ զրույցում նշել են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված, ինչպես նաև Կոտայքի դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացման խթանման նպատակով նախատեսում են նախ և առաջ թենիսի սեղաններ ձեռք բերել:

Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը 5-9-րդ դասարանների շրջանում անցկացվող համայնքային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արսեն Ավագյանի խոսքով՝ իրենք առաջին անգամ են մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին: Սեղանի թենիսի մրցաշարից հետո նախատեսում են մասնակցել նաև դպրոցականների թիմային խճուղավազքի և հեծանվավազքի մրցումներին:

«Հուսով եմ՝ կկարողանանք հաջող հանդես գալ նաև մարզային փուլում, թեև մրցակցությունը բավական մեծ է լինելու: Անկասկած, նմանօրինակ մասսայական մրցաշարերը կնպաստեն մարզաձևի զարգացմանն ու երեխաների՝ առողջ ապրելակերպի խթանմանը: Երեխաների շրջանում մեծ է ոգևորությունը: Մենք նաև դպրոցականների բասկետբոլի լիգային ենք մասնակցում և լավ արդյունքներ ենք գրանցել: Երկու շաբաթից ավելի ժամանակ ունենք. ամեն ինչ պետք է անենք մարզային փուլին ավելի բարձր մակարդակով ներկայանալու համար»,- նշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել: Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում