Հայաստան

Պեղումների արդյունքները նոր մանրամասներ են բացահայտում Հայաստանի հնագույն պատմության մասին. ներկայացնում են հնագետները

7 րոպեի ընթերցում

Պեղումների արդյունքները նոր մանրամասներ են բացահայտում Հայաստանի հնագույն պատմության մասին. ներկայացնում են հնագետները

Հայաստանում 2024 թվականին իրականացված հնագիտական պեղումներն ուսումնասիրությունների անչափ կարևոր և ուշագրավ նյութ են ապահովել: Հայտնաբերված հուշարձաններից մի քանիսն, ըստ մասնագետների, բացառիկ են մեր երկրի և նույնիսկ տարածաշրջանի համար:

Դարերի ժայռա և հողապատ պահոցներում Հայաստանի հնագույն պատմության առեղծվածները բացահայտող գիտնականները «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ գտածոները հիմնավորապես փոխել են իրենց պատկերացումները պատմական տարբեր երևույթների և իրադարձությունների վերաբերյալ:

Մարտի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկած աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նախորդ տարի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ միջազգային համատեղ արշավախմբերի իրականացրած պեղումների արդյունքները։ Ըստ այդմ՝ հաշվետու տարվա ընթացքում պեղվել և ուսումնասիրվել է Հայաստանի  նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակահատվածի 30 հնավայր, որոնցից 18-ը՝ միջազգային համատեղ արշավախմբերի ուժերով։ Պեղումներն էականորեն համալրել են Հայաստանի և տարածաշրջանի նյութական ու հոգևոր մշակույթի, պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը՝ զգալիորեն նպաստելով մեր երկրի պատմամշակութային հարուստ ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը: 

Տարածաշրջանի՝ մինչ օրս հայտնի ամենահին բնակատեղիի, Նոր քարի դարի և Պղնձի քարի դարի նորահայտ հնավայրերի, Բրոնզ-երկաթի դարերի բնակատեղիների և ամրոցների, Արտաշատ մայրաքաղաքի, Արուճի միջնադարյան դղյակի պեղումների արդյունքների մասին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի, Տոկայի համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Գերմանիայի հնագիտության ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի, Մաքս Պլանկի գեոմարդաբանության ինստիտուտի, Իտալիայի միջերկրյածովյան և Արևելյան հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները։

Պեղումներն իրականացվել են պետական ​​ֆինանսավորման, մասնավոր հովանավորության և ինստիտուտի միջազգային լայնածավալ համագործակցության արդյունքում: Գիտական այս հաստատության միջազգային կապերը բավականին ընդգրկուն են՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչը փաստում է Հայաստանի հնագիտական ​​ժառանգության նկատմամբ համաշխարհային մեծ հետաքրքրությունը: 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Արսեն Բոբոխյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ աշխատաժողովի ընթացքում 2024-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես են գալու միջազգային համատեղ արշավախմբերի ներկայացուցիչները:  

Նա նշեց, որ թեպետ գիտական առումով նմանատիպ բոլոր նախագծերն էլ շատ կարևոր են, սակայն, այնուհանդերձ, նախորդ տարի ստացվել են մի շարք բավական ուշագրավ արդյունքներ:

«Օրինակ՝ Արտաշատում: Այնտեղ պեղումներ է իրականացնում հայ-գերմանական արշավախումբը, որն անցյալ տարի, ըստ էության, հայտնաբերել է Հայաստանի տարածքում հայտնի ամենավաղ շրջանի եկեղեցի: Գիտենք, որ Հայաստանում կան վաղ շրջանի եկեղեցիներ, բայց զուտ հնագիտորեն փաստագրվածները շատ քիչ են: Այս իմաստով սա իսկապես կարևորագույն գտածո է»,- նշեց նա: 

Գիտնականի խոսքով՝ այս եկեղեցին վկայում է, որ արդեն IV դարի սկզբին Հայաստանի մայրաքաղաքում կամ դրան կից եղել է քրիստոնեական կրոնական կառույց: Դա ցույց է տալիս, որ արդեն այդ ժամանակաշրջանում պետական կառույցները լուրջ նախաձեռնություններ են իրականացրել Հայաստանում քրիստոնեությունը զարգացնելու ուղղությամբ: Ըստ Արսեն Բոբոխյանի՝ յուրահատուկ այս կառույցը որոշակի առնչություններ ունի սիրիական, հատկապես՝ հյուսիսային Սիրիայի նմանատիպ կառույցների հետ: 

Նա նշեց, որ պեղումներն, ըստ էության, հիմնավորապես փոխում են նաև իրենց՝ գիտնականների, պատկերացումները պատմական տարբեր երևույթների և իրադարձությունների վերաբերյալ:

«Հետաքրքիր իրեր առանձնապես շատ չեն գտնվել, բայց ժամանակակից հնագիտությունն առավելապես կենտրոնանում է գործողության ընթացքի վրա, ձգտում է իրականացնել տարատեսակ անալիզներ և թվագրություններ: Օրինակ, այս եկեղեցու կառուցման շրջանը պարզել ենք ռադիոածխածնային անալիզի արդյունքում»,- պատմեց նա: 

2025 թվականին եկեղեցու պեղումները շարունակվելու են: Արսեն Բոբոխյանը հնարավոր է համարում Արմավիրում պեղումների վերսկսումը շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո: Շարունակվում են Արգիշտիխինիլի քաղաքի պեղումները: Առհասարակ, բոլոր արշավախմբերն էլ շարունակելու են աշխատանքները ոչ միայն այս, այլև հաջորդ տարի: Ակնկալվում է, որ կլինեն նաև նոր ծրագրեր: 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Լևոն Աղիկյանն էլ պատմեց երկու հնավայրերում հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումների մասին: 

8D1A0237.jpg

«Դրանք նորահայտ հուշարձաններ են. երկուսն էլ, կարելի է ասել, բացառիկ հնավայրեր են Հայաստանի և տարածաշրջանի համար: Դեբեդավանը նեոլիթյան հնավայր է: Հայաստանում մինչ այդ Արարատյան դաշտից դուրս նեոլիթյան հնավայր չէինք հայտնաբերել: Վրաստանի հարավային շրջաններում և Ադրբեջանի տարածքում նմանատիպ հնավայրեր հայտնաբերվել և պեղվել էին դեռևս խորհրդային տարիներին: Հիմա Հայաստանում հայտնաբերեցինք նաև Վրաստանի հետ սահմանին: Այդ առումով սա շատ ունիկալ հնավայր է: 

Պեղումներ ենք իրականացնում նաև Այրումի հնավայրում, որը Քուր-արաքսյան մշակույթի վաղ բրոնզեդարյան, այսինքն՝ մեր թվարկությունից մոտավորապես 2500 տարի առաջ թվագրվող հնավայր է: Ժամանակագրության և մշակույթի առումով շատ ունիկալ է: Տարածաշրջանում հայտնի է Մարտկոպի մշակույթը: Հիմա գիտնականները մեծապես հետաքրքրված են Քուր-արաքսյան մշակույթից դեպի Մարտկոպի մշակույթի անցմամբ: Հայաստանի տարածքում նման հուշարձանները շատ քիչ են: Այնտեղ փոքրածավալ պեղումներ էինք կատարել 2023 թվականին, իսկ 2024-ից արդեն իրականացնում ենք մասշտաբային աշխատանքներ: Մտադիր ենք իրականացնել սիստեմատիկ և երկարատև պեղումներ»,- ներկայացրեց Լևոն Աղիկյանը: 

Նա ընդգծեց, որ առաջին տարվա համար գտածո նյութերն այնքան լավն են, որ հայտնաբերվելուց մի քանի ամիս անց ներկայացվել են Հայաստանի պատմության թանգարանում:

Աշխատաժողովը կշարունակվի մարտի 27-28-ին, արդեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում