Միացյալ Նահանգներ

Կիևը պատրաստ է հանածոների շուրջ համաձայնագիր ստորագրել՝ առանց ԱԷԿ-ների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության

2 րոպեի ընթերցում

Կիևը պատրաստ է հանածոների շուրջ համաձայնագիր ստորագրել՝ առանց ԱԷԿ-ների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության

Ուկրաինան կարող է ստորագրել միայն օգտակար հանածոների շուրջ  փետրվարի վերջին պատրաստված համաձայնագրի տարբերակը՝ առանց ատոմակայանների վերաբերյալ որևէ նոր լրացումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։

«Մենք տեսանք պայմանագիրն ընդլայնելու ցանկություն: Առայժմ ընդլայնված տարբերակը չի եկել, առկա է միայն այն տարբերակը, որն անցել է նախարարների կաբինետով: Այն պատրաստ է ստորագրման համար: Սա այն տարբերակն է, որն ստորագրման համար գնացել է Սպիտակ տուն: Այլ տարբերակներ չկան, - ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում: - Եթե ​լինի այլ տարբերակ, այն նույնպես պետք է ուղարկվի նախարարների կաբինետ, քվեարկվի և հետո պատրաստ կլինի ստորագրման։ Այսօրվա դրությամբ, եթե խորհրդակցություններ են անցկացվում, ապա դրանք ունեն տեխնիկական բնույթ և առանց քաղաքական պայմանավորվածության»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչի հաշվին է առաջարկվում ընդլայնել պայմանագիրը, Լեշչենկոն նշել է ԱՄՆ-ի հայտարարություններն ուկրաինական ատոմակայանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ 

«Այս պահի դրությամբ դա պայմանագրում ներառված չէ»,- հավելել է նա։

Մարտի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը և Ուկրաինայի իշխանությունները գրեթե ավարտել են հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի վրա աշխատանքը և շուտով կստորագրեն այն:

Ավելի վաղ Վաշինգտոնը, ամփոփելով Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցի արդյունքները, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Ուկրաինային նրա ատոմակայանների շահագործման հարցում։ Փաստաթղթում ասվում էր, որ ԱՄՆ-ի կողմից այդ կայանների սեփականացումը լավագույն պաշտպանությունը կլինի այս ենթակառուցվածքի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում