Մերձավոր Արևելք

Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը

Լիբանանի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը դատապարտել է երկիրը նոր ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու փորձերը՝ պահանջելով հետաքննել Իսրայելի տարածքի գնդակոծման միջադեպը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան հարավային Լիբանանում, հարված է փրկարարական ծրագրին, որին միաձայն աջակցել են բոլոր լիբանանցիները։ Մենք դատապարտում ենք Լիբանանը բռնության նոր շրջափուլի մեջ ներքաշելու փորձերը, պահանջում ենք լրջորեն վերաբերվել սահմանին տեղի ունեցած միջադեպին և հետաքննել դեպքի բոլոր հանգամանքները», - ասված է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նախագահը հանձնարարել է բանակի հրամանատար գեներալ Ռուդոլֆ Հեյկալին միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած խախտում, որը կարող է վնասել հայրենիքի շահերին այս նուրբ պահին», - նշված է Աունի հայտարարության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում