ՌԴ-ն ակտիվորեն ընդլայնում է կապերը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և ԱՊՀ երկրների հետ. Լավրով
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ակտիվորեն ընդլայնում է իր կապերն աշխարհի պետությունների մեծ մասի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
«Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում աշխարհի պետությունների մեծ մասի հետ կապերի ընդլայնմանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերություններն առանձնանում են փոխվստահության աննախադեպ մակարդակով: Հնդկաստանի հետ զարգանում է հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերություն: Զգալի առաջընթաց է գրանցվել այնպիսի պետությունների հետ բարեկամական կապերի ընդլայնման և խորացման հարցում, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը», - ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես ընդգծել է Լավրովը, Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ անդամ պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության բոլոր ուղղությունների ամրապնդմանը, ինչպես ԱՊՀ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։