Աշխարհ

ԵԱՏՄ-ն երեք տարով երկարացրել է գորգերի արտադրության համար լատեքսի ներմուծման զրոյական մաքսատուրքը

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն երեք տարով երկարացրել է գորգերի արտադրության համար լատեքսի ներմուծման զրոյական մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան երկարացրել է գորգերի արտադրության համար օգտագործվող լատեքսի ներմուծման զրոյական մաքսատուրքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում  է ընդունել երկարաձգել գորգերի արտադրության համար լատեքսի ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԵԱՏՀ-ի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման գերատեսչության տնօրեն Վահագն Ղազարյանի՝ այս միջոցը դրական է անդրադառնում համապատասխան ձեռնարկությունների վրա։

«Մաքսասակագնային կարգավորման միջոցը բարձրացնում է հումքի մատչելիությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների գորգեր և գորգային արտադրանք արտադրող ձեռնարկությունների շահութաբերությունը, ինչը թույլ է տալիս ստեղծել պայմաններ ներքին շուկայում հայրենական արտադրանքի  բաժնի ավելացման համար», - նշել է Վահագն Ղազարյանը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ գորգերի արտադրության համար լատեքսի կարիքը ներկայում բավարարվում է բացառապես ներմուծման մատակարարումների հաշվին։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից կատարվող իրավահարաբերությունների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում