1990 թվականից ի վեր մոլորակը զրկվել է Չինաստանի տարածքի կեսի չափ անտառներից. ՄԱԿ
1 րոպեի ընթերցում

1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է մոտ 420 միլիոն հեկտար անտառ, ինչը կարելի է համեմատել Չինաստանի տարածքի կեսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մոշկալոն ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում՝ նվիրված Անտառների միջազգային օրվան և գլոբալ տաքացման ազդեցությանը։
«Անտառների կորուստն այսօր շարունակվում է գլխապտույտ արագությամբ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է 420 միլիոն հեկտար անտառ: Դա մոտավորապես հավասար է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի կեսին», - ասել է նա:
Նրա խոսքով՝ 2015-ից մինչև 2020 թվականն անտառազրկման տեմպերը կազմել են տարեկան մոտ 10 մլն հա։
«Հիմնականում դա կապված է եղել միայն ծառահատումների հետ: Եվ դա մոտավորապես հավասար է, ասենք, Պորտուգալիայի տարածքին», - հավելել է Մոշկալոն:
Իր հերթին, Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը նշել է, որ տարեկան ամբողջ աշխարհում հատվում կամ այրվում է գրեթե 25 միլիոն հեկտար անտառ, այդ թվում՝ գյուղատնտեսական նպատակներով։