Տնտեսություն

Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից

7 րոպեի ընթերցում

Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից

Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն՝ հարցուպատասխանի միջոցով ներկայացնելով, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։   

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից   

Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝

  • 2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող
  • Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը
  • Աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը  գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար
  • Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:   

Որքան է աջակցության չափը 

Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։

Աջակցության չափի հաշվարկման օրինակներ 

Օրինակ 1

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝

- եկամուտը կազմել է 5.000․000 դրամ,

- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,

- հարկ վճարողը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ չունի շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար,

- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 405.000 դրամ (5.000.000*10% – 1.000.000*9.5%)։

Տվյալ դեպքում տնտեսվարողի հիմնական աջակցության գումարը կկազմի 155.000 դրամ (405.000 - 5.000.000*5%), իսկ լրացուցիչ աջակցություն չի հաշվարկվի, քանի որ տնտեսվարողը չունի 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։

Օրինակ 2

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝

- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,

- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,

- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 100.000 դրամ,

- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 305.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 100.000)։

Տվյալ դեպքում աջակցության գումարները կկազմեն.

1. Հիմնական աջակցություն՝ 55.000 դրամ (305.000 - 5.000.000*5%)

2. Լրացուցիչ աջակցություն՝ 137.500 դրամ (305.000-5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 100.000*1.375)։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 192․500 դրամ (55.000 + 137․500):

Օրինակ 3

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝

- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,

- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,

- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 300.000 դրամ,

- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 105.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 300.000)։

Այս դեպքում, շրջանառության հարկ վճարողը կստանա միայն լրացուցիչ աջակցության գումար՝ 30.000 դրամի չափով (105.000 - 5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 300.000*1.375), քանի որ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարից փոքր է։

Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար

Աջակցության ծրագրից օգտվելու համար compensation@taxservice.am  էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ (ձևերը կցվում են)։ 

Երբ դիմել աջակցություն ստանալու համար

2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։ 

Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:

Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին։

Իրազեկման թերթիկն այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում