Հայաստանում իրականացվել են 337 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Հայաստանում անտառների վերականգնման և ընդլայնման նպատակով իրականացվել են 337 հեկտար անտառվերականգման և անտառապատման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«257 հա տարածքում հիմք է դրվել նոր անտառների, իսկ 80 հա տարածքում իրականացվել է կոճղաշիվային վերաճի օժանդակման ծրագիր»,- ասաց Սիմիդյանը։
Բացի նոր անտառների հիմնադրումից՝ նախարարը տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել արդեն տնկված անտառների խնամքի և լրացման աշխատանքներին։
«2024 թվականին շուրջ 495 հա արդեն տնկված անտառների լրացման աշխատանքներ են իրականացվել՝ ապահովելով տնկված տարածքների արդյունավետ աճը։ Աճեցվել է շուրջ 677,500 հատ փակ արմատային համակարգով տնկի, ինչը զգալիորեն բարձրացնում է նոր տնկիների աճման հավանականությունը։ Բացի այդ, հիմնվել է 9 հա նոր տնկարան, որոնք հնարավորություն կտան ապահովել փակ արմատային տարբերակով տնկանյութի արտադրություն»,- եզրափակեց Սիմիդյանը։