Սևանա լճի մակարդակն անցյալ տարվանից բարձրանում է. նախարար
2 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը մարտի 19–ի դրությամբ 1900.37 մետր է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Սևանա լճի մակարդակը, բարեբախտաբար, անցյալ տարվանից բարձրանում է: Հուսանք, որ տեղումները կօգնեն պահել այս դինամիկան: Դեկտեմբերի 31–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2024 թ հունվարի 1–ի համեմատ 22 սանտիմետրով բարձր է: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դրական իմաստով 22 սանտիմետր տարբերություն ունենք»,–ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ 2025 թվականի մարտի 19–ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900 մետր 37 սանտիմետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 18 սանտիմետրով:
Սևանա լճից նախորդ տարի բաց է թողնվել 131 մլն խմ ջուր, որը 2023–ի համեմատ 97 մլն խմ–ով ցածր է: Նախարարի խոսքով՝ սա վերջին 15 տարիների լավագույն արդյունքն է:
Արփա–Սևան ջրատարով շուրջ 185 մլն խմ ջուր են տեղափոխել Սևան, որը 2023–ի համեմատ 70 մլն–ով է բարձր:
Առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում Սևանի լճի ջրի որակի մոնիթորինգ է իրականացվել:
2024 թվականին Սևանա լիճ են բաց թողել շուրջ 390 հազար իշխանի՝ Ամառային և Գեղարքունի տեսակի մանրաձուկ: 2023–ին այդ թիվը եղել է 232 հազար: Սիմիդյանը նշեց, որ 2025 թվականին ցանկանում են թիվը հասնել 520 հազար մանրաձկան: