Ներքին տնտեսությունից հավաքագրված հարկերն աճել են, ներմուծումից՝ նվազել. ՊԵԿ նախագահը նշեց պատճառները
2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024 թվականին ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոս աճ է գրանցվել, ներմուծումից՝ նվազում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
2024 թվականին 2 տրլն 390 մլրդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5.1 տոկոսով կամ 117 միլիարդ դրամով ավելի է, քան 2023 թվականին հավաքագրվածը:
«Ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոսանոց աճ ունենք, իսկ ներմուծումից՝ անկում: Անկման առյուծի բաժինը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման նվազումներով»,–ասաց Հակոբյանը՝ սա համարելով օբյեկտիվ երևույթ:
Նա հիշեցրեց՝ 2022 թվականից սկսած Հայաստանում ավտոմեքենաների վերաարտահանման մեծ տեմպերի մասին: Դրանք 2024–ին կտրուկ նվազել են: ՊԵԿ նախագահը դա համարեց հիմնական պատճառը, որ ներմուծման հարկերից նվազում է արձանագրվել:
Ծխախոտի ներմուծումների գծով ևս նվազում կա: «Սա պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները, երբ պահանջ դրվեց, որ պետք է նկարներ փակցնեն, պահեստավորում և պաշարում արեցին»,–հավելեց նա: