Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը

3 րոպեի ընթերցում

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը: 

Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախաձեռնությունն ուղղված է գույքի օտարման դիմաց լրացուցիչ, առավել բարձր փոխհատուցման չափերի նախատեսմանը, օտարման ենթակա գույքերի ուսումնասիրության և գնահատման նոր, առավել համապարփակ ստանդարտների ներդրմանը, գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումների հիմնավորվածության պահանջների նախատեսմանը, որոշումների և փոխհատուցման չափի վիճարկման դատավարական ընթացակարգերի հստակեցմանը, գերակա շահով պայմանավորված օտարման նպատակի իրագործման համար հստակ ժամկետների նախատեսմանը, գույքի օտարման դիմաց փոխհատուցման չտրամադրման դեպքերում պետության լրացուցիչ պատասխանատվության մեխանիզմների ներդրմանը: 

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախաձեռնությունը` նշելով, որ այն իրական քայլ է` ուղղված հանրության գերակա շահով պայմանավորված օտարման ընթացակարգերը ՄԻԵԴ-ի պահանջներին համապատասխանեցնելուն։

Հանձնաժողովը նշել է, որ ներդնելով առավել հստակ ընթացակարգեր և սկզբունքներ, ընդլայնելով փոխհատուցման կանոնները և ներառելով որոշակի ընթացակարգային երաշխիքներ՝ այս փոփոխությունները քայլ առաջ են և ունեն պոտենցիալ նվազեցնելու ՄԻԵԴ-ի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումների ռիսկերը:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք կարևոր դիտարկումներ, որոնք քննարկվել են Արդարադատության նախարարության պատվիրակության հետ և կընդունվեն նախագծի լրամշակման ընթացքում` նախագծի հանրային քննարկմանն ընդառաջ:
Լուսանկարում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին է։
    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում