Էրիկ Հելսբորնն անհեթեթություն է որակել Բաքվի քարոզչամեքենայի պնդումը, թե Հայաստանը ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա

4 րոպեի ընթերցում

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն անդրադարձել է ադրբեջանական Caliber.az կայքում օրերս հրապարակված հոդվածին այն մասին, թե Հայաստանն իբր ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Հելսբորնը շեշտել է, որ նման կեղծ պնդումներ անելով՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

Հելսբորնը նախ նկատել է, որ թեև Caliber-ն ադրբեջանական ռեժիմի պաշտոնական կայքը չէ, սակայն երկիրը բռնապետական է, և այնտեղ չկա ազատ, անկախ մամուլ: Օրինակ՝ Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը զբաղեցնում է 164-րդ տեղը: Ուստի, նա նկատել է, որ այդ հրապարակումը ադրբեջանական ռեժիմի կողմից է թելադրված:  

«Մեղադրանքը, իհարկե, ամբողջությամբ անհեթեթություն է։ Մինչ Բաքվի բռնապետությունը բազմիցս օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, Երևանի՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությունը փորձում է խաղաղության ճանապարհ գտնել: Իհարկե, ճիշտ է, որ Հայաստանն ուժեղացնում և արդիականացնում է իր բանակը, բայց դա արձագանք է Ադրբեջանի ագրեսիային»,–գրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը՝ հավելելով, որ հայկական կողմից հակամարտություն փնտրելու ոչ մի մտադրություն չկա:  

Այնուամենայնիվ, նա նկատել է, որ Ադրբեջանի ռազմական հզորություններն ավելի մեծ են, և մտածել, որ Հայաստանը կփորձի ներխուժել ռազմական առումով շատ ավելի ուժեղ Ադրբեջան, անիմաստ է: 

Հելսբորնը նշել է, որ հոդվածը թիրախավորել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, դիտորդներին մեղադրել իբր ադրբեջանական ուժերին լրտեսելու, այնուհետև այդ  տեղեկատվությունը Հայաստանին փոխանցելու մեջ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այս մտքերը համարել է մաքուր դավադրության տեսություն: Նա հիշեցրել է՝ ԵՄ-ն ցանկացել է առաքելություն տեղակայել երկու կողմում՝ էսկալացիան կանխելու համար, սակայն Ադրբեջանը կտրականապես մերժել է դա: 

«Հայաստանը ցանկանում է, որ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Ադրբեջանը՝ ոչ։ Սա շատ բան է ասում այն ​​մասին, թե ով է սպառնում խաղաղությանը»,-ընդգծել է Հելսբորնը: 

Նա շեշտել է, որ խաղաղությանը սպառնալիք կա ոչ Հայաստանի կողմից։ Իսկ ադրբեջանական կողմից հնչող պնդումները, թե իբր Հայաստանը նախապատրաստվում է հարձակման, պետք է դիտարկել որպես Ադրբեջանի կողմից նման մտադրության մասին նախազգուշացում։  

«Ռիսկը հետևյալն է՝ Ադրբեջանը ծրագրում է Հայաստանի կողմից բռնության կեղծ պնդումներ օգտագործել՝ արդարացնելու սեփական բռնությունը»,–նշել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:

Նա, մասնավորապես, շատ մտահոգիչ է համարել Caliber.az-ի հոդվածի վերջում արված արտահայտությունը՝ «Երևանում առկա ողջ շինարարական տեխնիկան ուղղվելու է Եռաբլուր»։ 

«Դժվար է այս հաղորդագրությունը մեկնաբանել որպես այլ բան, քան այն, որ նրանք պատրաստ են սպանել հազարավոր մարդկանց: Ադրբեջանը պետք է իմանա, որ Եվրոպայում ոչ ոք կուլ չի գնում նրանց կեղծ նարատիվին: Իսկ նոր զինված հակամարտություն սկսելը շատ վատ գաղափար կլինի»,–եզրափակել է Հելսբորնը։

Հայերեն English Русский

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը