Նոր հնարավորություն՝ ձկնաբուծության ոլորտում. ԵՄ շուկան բացվում է հայկական արտադրանքի համար
4 րոպեի ընթերցում

Հայաստանն ընթացիկ տարվա մարտի 16-ից սկսած պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ԵՄ գործընկերների հետ 8 տարի տևած աշխատանքի արդյունքում վերջապես հայկական արտադրության ձուկն ու ձկնամթերքը կարող է արտահանվել ԵՄ շուկա։
«Սա շատ կարևոր ու բացառիկ նշանակության հնարավորություն է մեր երկրի, տնտեսվարողների համար։ Առաջին անգամ է, որ Հայաստանը հնարավորություն է ստանում ԵՄ արտահանել ձուկ ու ձկնամթերք։ Մենք մեր հարևան երկրներից ենք նույնիսկ առաջ անցել։ Ունենք հարևաններ, որ ձկնաբուծության ոլորտից ԵՄ շուկա մեկ տեսակի ապրանքի արտահանման թույլտվություն են ստացել, օրինակ՝ խավիար, իսկ մենք ստացել ենք թույլտվություն ձկնարտադրության ոլորտի բոլոր տեսակի ապրանքերի համար»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի համաձայն՝ պայմանով, որ արտահանող տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում: Բոլոր տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո հայկական ձկնամթերքը, օդային ճանապարհով մի քանի ժամվա, իսկ ցամաքային ճանապարհով առավելագույնը 4-5 օրվա ընթացքում կհասնի Եվրոպա։
ԵՄ-ի կողմից հայկական ձկնարտադրողներին նման հնարավորություն տալը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը նշեց, որ սա տարիների հետևողական աշխատանքի արդյունք է։
«Սա միմյանց շնորհավորելու առիթ է, մեր ձկնաբույծները բավական երկար էին սպասում այս հնարավորությանը։ Մեր տնտեսվարողները տքնաջան աշխատել են, տարիների ընթացքում բարելավել են իրենց արտադրանքի որակը։ Հանրապետությունում այս ոլորտը վերջին տարիներին նկատելի զարգացում է ապրում։ Շատ ընկերություններ ներդնում են նոր տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավորութան դեպքում և՛ ռացիոնալ օգտագործեն ջրային պաշարները, և՛ արտադրեն որակապես ավելի բարձր հատկանիշներով ձուկ ու ձկնամթերք»,-ասաց Տիգրան Ալեքսանյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ունի պետական աջակցության ծրագիր, որով խրախուսում է այն ընկերություններին, որոնք ներդնում են նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ։
Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 27 հազար տոննա արդյունաբերական արտադրության ձուկ, ձկնամթերք, ինչը 5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։ «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարվա արտադրանքից 15 հազար տոննան արտահանվել է։
«Արտահանման գործընթացն, ընդհանուր առմամբ, մեզ համար նորություն չէ։ Մենք մեր արտադրանքն արտահանում ենք Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ։ Այնտեղ էլ ընդունող երկրներն ունեն իրենց չափանիշները, որոնք չէի ասի, որ զիջում են եվրոպական չափանիշներին։ ԵՄ շուկան մեզ համար նորություն է ու լավ հնարավորություն։ Ապրանքների ստանդարտներից զատ, մենք պետք է շուկան լավ ուսումնասիրենք, հասկանանք պահանջարկը, մրցակցությունը, գործընկերներ գտնենք։ Լոգիստիկ առումով հարցերը պետք է կարգավորենք»,-ասաց Գոռ Գրիգորյանը։
Ոլորտի մասնագետները վստահ են, որ մինչև տարվա վերջ արդեն կլինի որոշ խմբաքանակի արտահանում ԵՄ շուկա։