Արդիական խնդիրներն ու իրողությունները՝ «Միսս դժոխք»-ում. Կամերային թատրոնի բեմ բարձրացավ Երնջակյանի անաստվածային կատակերգությունը
8 րոպեի ընթերցում
Իրականությո՞ւն, թե՞ երևակայական աշխարհ, հորինված խնդիրնե՞ր, թե՞ սովորական մահկանացուներին հուզող հարցեր: Երևանի կամերային թատրոնի «Միսս դժոխք» անաստվածային ներկայացման հերոսները, որոնք դժոխքում հայտնված տարբեր խավերի ու մասնագիտությունների տեր մարդիկ են, բարձրաձայնում են ակնհայտ խնդիրներ, որոնք, թերևս, բոլորիս են վերաբերում: Սեր, անտարբերություն, բռնություն, իշխանություն, տարբեր միջոցառումների միջոցով հասարակությանն այս կամ այն հրատապ խնդրից շեղելու փորձեր, բարոյալքություն և պայքար, միասնական, համախմբված լինելու կոչ:
Հավանաբար յուրաքանչյուր հանդիսատես իրեն կամ իր շրջապատում ապրող որևէ մեկին կգտնի թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի պիեսի համանուն ներկայացման մեջ, որը նոր մոտեցումներով, շեշտադրումներով կրկին Կամերայինի բեմում էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արա Երնջակյանն այն բեմադրել է 2001 թվականին, այս անգամ ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնեց թատրոնի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
«Ի ուրախություն, թե ի տխրություն մեզ երնջակյանական թեմաները միշտ ակտուալ են, երբեմն՝ ցավեցնելու աստիճանի: Մեր ներկայացումներին ծանոթ հանդիսատեսը նկատած կլինի, որ խաղացանկն ասես անկախությունից հետո մեր իրականության տարեգրությունը լինի: Տասը տարի առաջ գրված պիեսներն այսօր շատ արդիական են: Չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ: Կար մի շրջան, որ Երնջակյանին խնդրում էի չգրել, քանի որ այն, ինչ նա գրում էր, իրականանում էր: Զուր չէ, որ նրա ներկայացումներն անվանում ենք հոռետեսական կատակերգություններ, որովհետև ամբողջ ընթացքում ծիծաղում ենք մեր մտածելակերպի, ազգային տեսակի, բովանդակության վրա, վերջում նա դրամատուրգիայի միջոցով սառը ցնցուղի տակ է պահում բոլորիս»,-ասում է Հարությունյանը:
Նա հավաստիացնում է՝ «Միսս դժոխք»-ը մեր մասին է, մեր թերությունների, միամտության, խեղճության, ագրեսիվության մասին է:
Ներկայացման իրադարձությունները ծավալվում են դժոխքում, որը նույնականացվում է այն իրականությանը, որում ապրում ենք, պարզվում է, որ դժոխքում գտնվողների և երկրի վրա ապրող մարդկանց միջև շատ ընդհանրություններ կան: Ինչպես Հարությունյանն է ասում՝ այդ ամենը շատ սուր, ինտելեկտուալ երանգներով, նուրբ ակնարկներով և վառ գույներով է մատուցված:
Թատրոնը ժամանակ առ ժամանակ ավանդական դրամատուրգիայի է անցնում, խաղացանկում ընդգրկում են Շեքսպիրի և այլ համաշխարհային դրամատուրգների դասական պիեսներ: Կամերայինը ժանրային սահմանափակում չունի. խաղում են մյուզիքլներ, ողբերգություններ, դրամաներ, կատակերգություններ և այլն: Հարությունյանն ուրախ է, որ Երնջակյանին անդրադառնալու առիթ է ընձեռվել:
Ռեժիսորը կարծում է՝ «Միսս դժոխք» ներկայացումն անպայման իր տեղը կգտնի խաղացանկում, որովհետև գեղեցիկ է, հետաքրքր հույզեր է արթնացնում և իր շուրջ է համախմբել տաղանդավոր դերասանների: «Թարմ ուժեր, առույգ, էներգիայով լի շնորհաշատ դերասաններ, վառվռուն աչքեր, և այդ ամենը ներկայացմանը հմայք է հաղորդում»,-նշում է նա:
Երիտասարդ տարիներին Հարությունյանը խաղացել է «Միսս դժոխք»-ում: Նա վաղուց է դերասանի աշխատանքից անցել ռեժիսորի աշխատանքին և դերասանական խանդ չունի, անում է ամեն բան, որ դերասանները փայլեն, ամբողջ հմայքով ներկայանան: Հասկանում է, թե որքան կարևոր է դերասանի առաջ ճիշտ խնդիր դնել, նրանց «բացելը», որպեսզի կարողանան հանդես գալ ամբողջ գունապնակով, ներաշխարհի հարստությամբ:
Հարությունյանի խոսքով՝ յուրաքանչյուր ռեժիսոր նյութի մասին իր պատկերացումն ունի, իր տեսիլքը, տրամադրությունը, և ռեժիսորի բնավորությունն անպայման արտացոլվում է ներկայացման մեջ, ինչը բնական է, սակայն պիեսում գրեթե փոփոխություններ չեն արվել, միայն ձևի որոշ փոփոխություններ են արվել, բացի այդ՝ առաջին անգամ Երևանի կամերային թատրնում վարագույր են օգտագործել:
Արշալույս Հարությունյանը շատ է կարևորում Արա Երնջակյանի կարծիքը, հատկապես, երբ անդրադառնում է նրա դրամատուրգիային: «Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան: Այնքան լավ եմ ճանաչում Երնջակյանին, գիտեմ նրա ժպիտի տակ թաքնված տխրությունը, թվացյալ բարի հոնքերի զայրույթը: Եթե մի հարց քննարկենք, և ասեմ, որ այս կամ այն տեսարանում մտածում եմ նման լուծման մասին, բավական է, որ նա լռի, պարզապես նայի ու մտածի ասածիս շուրջ, և ես ակամայից ստանում եմ պատասխանը: Ես նրան լավ հասկանում եմ, ճանաչում եմ, զգում եմ նրա դրամատուրգիան, թատրոնն ու այդ ամենն այնքան հարազատ են ինձ, որ այստեղ շատ ազատ եմ, ուստի ամեն ինչ բնական ու ներդաշնակ է»,-եզրափակում է Հարությունյանը:
Ներկայացման կերպարներից յուրաքանչյուրը հետաքրքիր է, ունի իր խառնվածքը, իր շահերը, նպատակին հասնելու միջոցները: Գործող կարևորագույն անձանցից են ոչ միայն դժոխքի ղեկավարը, որը ինչ-որ չափով կոմիկական կերպար է, այլև աշխարհի հնագույն մասնագիտություն ունեցող կանայք՝ մարմնավաճառները:
Նրանցից մեկին մարմնավորում է Էվա Խաչատրյանը, որի համոզմամբ՝ բոլոր կերպարները բազմերանգ են:
«Այս դերում բացարձակ ճշմարտություններ են խտացվել: Մենք տեսնում ենք մարմնավաճառի, որի մեջ ավելի շատ ազնվություն, արդարամտություն կա, քան թվացյալ ավելի բարոյական մարդկանց մեջ, որոնք հոգեպես են անբարո: Տեսնելու ենք տարբեր երևույթների մեջ հակասություններ, բացահայտելու ենք քաղաքական շերտեր, խորը ճշմարտություններ»,-նշում է դերասանուհին:
Նա ցանկանում է, որ հանդիսատեսն իր սեփական կարծիքը կազմի ու գտնի այն բանալիները, որ կան յուրաքանչյուր կերպարի մեջ: Խաչատրյանի խոսքով՝ Երնջակյանն ամեն ճշմարտություն մատուցում է հումորով, երբեմն ծակում է և մեզ վերևից ներքև իջեցնում:
Առաջնախաղն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով, ինչը ոգևորեց ստեղծագործական թիմին:
Բեմադրության մեջ զբաղված են նաև Սենիկ Բարսեղյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Դավիթ Աբրահամյանը, Ավետ Զոհրաբյանը, Նարեկ Ալեքսանյանը:
Սենիկ Բարսեղյան, Ավետ Զոհրաբյան, Էվա Խաչատրյան
Նարեկ Ալեքսանյան, Էվա Խաչատրյան, Դավիթ Աբրահամյան, Սենիկ Բարսեղյան
Էվա Խաչատրյան
Էրմինա Զախարովա, Նարեկ Ալեքսանյան
Նարեկ Ալեքսանյան, Վիկտորյա Սահակյան, Սենիկ Բարսեղյան, Էվա Խաչատրյան, Դավիթ Աբրահամյան
Սենիկ Բարսեղյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան
Սենիկ Բարսեղյան, Վիկտորյա Սահակյան
Սենիկ Բարսեղյան, Դավիթ Աբրահամյան
Սենիկ Բարսեղյան, Դավիթ Աբրահամյան
Սենիկ Բարսեղյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան, Էրմինա Զախարովա
Նարեկ Ալեքսանյան, Սենիկ Բարսեղյան
Դավիթ Աբրահամյան, Վիկտորյա Սահակյան
Ավետ Զոհրաբյան
Սենիկ Բարսեղյան, Վիկտորյա Սահակյան
Դավիթ Աբրահամյան, Էրմինա Զախարովա
Վիկտորյա Սահակյան, Նարեկ Ալեքսանյան, Սենիկ Բարսեղյան, Դավիթ Աբրահամյան, Էվա Խաչատրյան
Էրմինա Զախարովա
Սենիկ Բարսեղյան, Վիկտորյա Սահակյան, Էրմինա Զախարովա, Նարեկ Ալեքսանյան, Էվա Խաչատրյան, Ավետ Զոհրաբյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան
Սենիկ Բարսեղյան
Սենիկ Բարսեղյան, Վիկտորյա Սահակյան
Էվա Խաչատրյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան, Ավետ Զոհրաբյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան, Էրմինա Զախարովա, Ավետ Զոհրաբյան
Վիկտորյա Սահակյան, Էվա Խաչատրյան
Վիկտորյա Սահակյան, Նարեկ Ալեքսանյան, Էվա Խաչատրյան, Արշալույս Հարությունյան, Սենիկ Բարսեղյան, Էրմինա Զախարովա