Իսրայելում հաստատել են Գազայում ռազմական գործողությունների վերսկսման նոր ծրագիրը
3 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Էյալ Զամիրը պատրաստվում է նոր ռազմական ծրագիր ներկայացնել Գազայի հատվածում լայնածավալ մարտերը վերսկսելու համար՝ չնայած 2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։
Շտաբի պետի կողմից ձևակերպվող պլանի համաձայն՝ մարտերին մասնակցելու համար մի քանի ստորաբաժանումներ կպահանջվեն, և նրանք կվերագրավեն Գազայի հատվածի այն տարածքները, որտեղից Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս են եկել հրադադարի ընթացքում։
Պարբերականը կասկած է հայտնել իսրայելական բանակի՝ նման մեծ թվով զինվորներ մոբիլիզացնելու կարողության վերաբերյալ՝ հաշվի առնելով մարտական ստորաբաժանումների առջև ծառացած մարտահրավերները և պահեստազորայինների կողմից համալրման պակասը:
Իսրայելական Maariv պարբերականը հայտնել է, որ Իսրայելն աշխատում է Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան նախաձեռնության իրականացման ուղղությամբ, և որ ամերիկյան վարչակազմը մասնագիտացված թիմ է ձևավորել՝ Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջխաղացման համար։
«Ամերիկյան թիմը ներկայումս բանակցություններ է վարում արաբական մի քանի երկրների հետ՝ նպատակ ունենալով համաձայնության գալ առնվազն մեկ կամ մի քանի երկրների հետ Գազայի հատվածից տեղափոխվել ցանկացող բնակիչների հարցում», - գրում է պարբերականը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ ալ-Քասամ բրիգադի ռազմական խոսնակ Աբու Օբեյդան հաստատել է, որ «խմբավորումները լիովին պատրաստ են բոլոր հավանական սցենարներին»՝ ընդգծելով, որ «Իսրայելի պատերազմի սպառնալիքները միայն հիասթափություն են առաջացնելու»։ Նա տեսագրված ելույթում զգուշացրել է, որ «մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում կհանգեցնի թշնամու մի շարք պատանդների սպանության»։
Էյալ Զամիրը պաշտոնապես ստանձնել է իսրայելական բանակի շտաբի պետի պաշտոնը՝ հաջորդելով պաշտոնաթող Հերցի Հալևիին, որն ավելի քան 15 ամիս ղեկավարում էր Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ռազմական գործողությունները։ Նա նշել է, որ 2025թ․-ը լինելու է «պատերազմի տարի»՝ կենտրոնանալով Գազայի հատվածի և Իրանի վրա։