Քրեական տարր պարունակող հայտարարությունները չէին կարող առանց հետևանք մնալ. ԱԺ նախագահը՝ Վարդան Ղուկասյանի մասին
3 րոպեի ընթերցում

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ քրեական տարր են պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ-ում ընթացող գործընթացը սկսվել է Հայաստանի իշխանությունների բողոքի հիման վրա, և որ նրա արտաքսման դեպքում կյանքին վտանգ է սպառնում։
Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական հայտարարությունների պատճառով որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևէ մեկը, որի կյանքին քաղաքական հայտարարությունների պատճառով վտանգ է սպառնում», – նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը շեշտեց, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այն դեպքերին, երբ արված հայտարարությունները քրեական տարրեր են պարունակում։
«Վստահ եմ, որ այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ քրեական տարր են պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ», – ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ վերջին անգամ լսել է այն ժամանակ, երբ վերջինս հրապարակային կոչ էր արել հաշվեհարդար տեսնել իր 15-16 տարեկան որդու նկատմամբ։
«Վերջին անգամ, որ ես նրա մասին լսել եմ, դա այն դեպքն է եղել, երբ նա եթերում իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։ Ուզում եմ հասկանալ, սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում է», – ընդգծեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանն ընդգծեց, որ նման հայտարարություններն անընդունելի են, և ինքը պատրաստ է բողոք ներկայացնել, եթե պարզվի, որ նման կոչերը որևէ կերպ չեն ստացել իրավական գնահատական։
«Ես միանշանակ կբողոքեմ, եթե ես իմանամ, որ նման բանն առանց հետևանք է մնալու, որովհետև որևէ մեկի երեխայի մասին նման բան ասելն անընդունելի է», – հավելեց նա։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ հայկական հասարակության մեջ կան սահմաններ, որոնք մինչ օրս ոչ ոք չի հատել, և հույս հայտնեց, որ այդ գիծը երբեք չի խախտվի։
«Փառք Աստծո, կան գծեր, որոնք հայկական հասարակության մեջ ոչ ոք չի անցել, և Աստված տա՝ չանցնենք», – եզրափակեց Սիմոնյանը։
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։