«Հայաստան» խմբակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ից պահանջել է մշտադիտարկել Բաքվում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատավարությունները
4 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նամակներ է հղել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին, մարդու իրավունքների, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով զեկուցողներին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքները օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։ Նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ»,- գրել է Օհանյանը։
Նամակներում մասնավորապես շեշտվում է․
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։ Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգել են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով փետրվարի 28-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։