50 հազար դրամ հետ վերադարձ առողջապահության գծով սոցիալական ծախսերի դիմաց․ մանրամասնում է նախարարը
3 րոպեի ընթերցում
Հանրապետությունում եկամուտների համընդհանուր հայտարարագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները հնարավորություն ունեն սոցիալական ծախսերի պարագայում որպես փոխհատուցում հետ ստանալ մինչև 100 հազար դրամի չափով։ Սոցիալական ծախսերը դիտարկվում են, եթե դրանք կատարվել են կրթության կամ առողջապահության ծառայությունների գծով։ Միայն առողջապահության ծառայությունների մասով կատարված ծախսի դիմաց փոխհատուցումը նախատեսված է 50 հազար դրամի չափով։
«ՀՀ ռեզիդենտ քաղաքացին սոցիալական կրեդիտից օգտվելու համար, որպես առաջին կարևոր նախապայման, վճարումները պետք է կատարած լինի անկանխիկ։ Դրանից բացի, սոցիալական փոխհատուցում կլինի, եթե քաղաքացին մինչև 50 հազար դրամի սահմաններում ապահովագրական ընկերություններից գնած լինի առողջապահության ապահովագրության փաթեթ կամ ստացած լինի ատամնաբուժական ծառայություն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Ինչպես ապահովագրական փաթեթի պարագայում, ատամնաբուժական ծառայությունների դեպքում ևս աշխատող ու եկամտահարկ վճարող քաղաքացին կարող է փոխհատուցում ստանալ ընտանիքի անդամների համար կատարած ծախսերի դիմաց։ Օրինակ՝ եթե կինը չի աշխատում, եկամտահարկ վճարող չէ, սակայն օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, բայց վճարումը կատարել է ամուսինը, ապա այս դեպքում ևս ամուսնու կողմից կատարված վճարը հաշվվում է որպես սոցիալական ծախս։ Ընտանիքի անդամներ են համարվում երեխաները, կինը, ամուսինը, ծնողները։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ սոցիալական կրեդիտից օգտվելու համար ատամնաբուժական ծառայությունները նախարարության կողմից երաշխավորված լինելու պահանջ չկա։
«Նման պահանջ չունենք, որովհետև բժշկական կենտրոնները, ատամնաբուժական ծառայությունները լիցենզավորման գործընթացով են անցնում։ Եթե կենտրոնը լիցենզավորված է ու գործունեություն է ծավալում, ապա որևէ հավելյալ երաշխիքի, այլ հավաստագրի պահանջ չկա»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ Ամեն դեպքում նախարարը տեղեկացրեց, որ նախարարության պաշտոնական կայքում առանձնացրել են բաժին՝ սոցիալական կրեդիտ խորագրով։ Այդտեղ հրապարկված է լինելու ատամնաբուժական հաստատությունների ցանկը։
Նախարարն ընդգծեց, որ սոցիալական կրեդիտի հնարավորությունը շատ կարևոր նախաձեռնություն է։ Մարդկային կապիտալի զարգացումը կարիք ունի ներդրման թե առողջության, թե կրթության գծով։ Պետությունը, դա կարևորելով, ստեղծել է ենթակառուցվածք, որ քաղաքացիների վճարած հարկերից գումար հետ վերադարձ կատարվի իրենց, ու նրանք հնարավորություն ունենան հոգ տանել իրենց մասին՝ օգտվելով առողջապահության, կրթության ծառայություններից։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատում են ապահովագրական ընկերությունների, ատամնաբուժական ծառայությունների հետ ամբողջ մեխանիզմը պարզ ներկայացնելու, իրազեկելու համար։