ԱՀԿ-ն հայտարարել է եվրոպական առողջապահական համակարգում լճացման մասին
2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգը երկար ժամանակ համարվում էր լավագույններից մեկը, բայց այս պահին այն լճացում է ապրում մի շարք գործոնների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 երկիր՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից։
«Չնայած որոշ ոլորտներում առաջընթացին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը, որը վաղուց ունի լավագույն առողջապահական համակարգերից մեկի համբավը, լճանում է և նույնիսկ հետ է մնում մի շարք ցուցանիշներով՝ սկսած երեխաների և դեռահասների առողջությունից մինչև քրոնիկ հիվանդություններ», - ասված է կազմակերպության զեկույցում:
ԱՀԿ-ն մատնանշել է նաև ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված մի շարք խնդիրներ։ Զեկույցի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների օգտագործման առումով, որտեղ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Եվրամիությունում, իսկ ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայում: Ծխախոտի սպառումը մեծահասակների շրջանում նույնպես շարունակում է բարձր մնալ, և նման դինամիկայի առկայության դեպքում տարածաշրջանը չի հասնի իր նպատակին՝ մինչև 2025 թվականը 30%-ով նվազեցնել ծխելը: