Հայաստան

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է ՊԵԿ և ՄԱԶԾ արդեն իսկ կայացած համագործակցության հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՏՀԶԿ և ՄԱԶԾ համատեղ «Հարկային տեսուչներն առանց սահմանների» նախաձեռնության շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Նախնական գնագոյացման համաձայնագրի ընթացակարգերի շուրջ մեկնարկած ծրագրին, ինչպես նաև ՊԵԿ-ում հարկային ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված նոր ծրագրի ներդրմանն առնչվող մի շարք հարցերին։

Նախանշվել են նաև այն հիմնական ոլորտները, որոնք կարող են ներառվել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի առաջիկա հինգ տարիների ռազմավարական ծրագրում և որոնց ուղղությամբ կարող են իրականացվել տեխնիկական աջակցության նոր ծրագրեր։ Այդ ոլորտներն ընդգրկում են ոչ միայն տեխնիկական աջակցության վերոնշյալ շրջանակը, այլ նաև մաքսային ենթակառուցվածքների արդիականացման համապատասխան օժանդակություն։ 

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում