Մյունխենյան համաժողովին մասնակցելն ու այնտեղ ընկալելի լինելը մեր երկրի կարգավիճակի շատ ավելի բարձր նշաձող է․ քաղաքագետի անդրադարձը
5 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը նախկինում էլ պարբերաբար մասնակցել է Մյունխենի համաժողովին՝ կարևորելով այդ հարթակը, որովհետև այդտեղ խմորվում է համաշխարհային ռազմաքաղաքական և ռազմաստրատեգիական միտքը, որտեղ ակնհայտորեն պետություններն արտահայտում են իրենց դիրքորոշումները համաշխարհային տարբեր իրողությունների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանն՝ անդրադառնալով Մյունխենում կայացած անվտանգության համաժողովին և հայկական պատվիրակության մասնակցությանը։
«Մյունխենյան հարթակը նախևառաջ հնարավորություն է մեր նման պետության համար միջազգային հարթակներում երևալ հավուր պատշաճի։ Մենք շատ ենք ձգտում, որ ստեղծվի տպավորություն, թե աշխարհը Հայաստանի տեղը շատ լավ գիտի և շատ լավ ճանաչում է, սակայն կան իրողություններ, որոնք վկայում են այն մասին, որ այդպես չէ, հետևաբար պետք է լինել համեստ։ Այդուհանդերձ, մյունխենյան հարթակը հնարավորություն է ընձեռում գտնել գործընկերներ, հասկանալ աշխարհի հնարավորությունները։ Մենք պետք է իմանանք, թե աշխարհն ինչ է մտածում և նաև փորձենք որոշակի իմաստով մեր դիրքորոշումները ներկայացնել թեկուզ առանձին հանդիպումների շրջանակում»,-ասաց Հայկ Սուքիասյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ աշխարհի հեգեմոն պետությունը՝ ԱՄՆ-ն, ներկայացրեց իր հստակ դիրքորոշումները գլոբալ հարցերի շուրջ՝ մեղադրելով, օրինակ, ԵՄ-ին ինչ-ինչ հարցերում և հայտնելով իր մեկուսացման մասին, թեև Եվրամիության պատասխանն, իհարկե, չի ուշանա։ Սուքիասյանը գերտերություններից բավականին բարեկիրթ գնահատեց Չինաստանի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում և նշեց, որ եթե ԱՄՆ-ն մի քիչ էլ համառի, ապա Եվրամիությունը կարող է թեքվել դեպի Չինաստանի կողմը, ինչն, ըստ էության, տեղավորվում է աշխարհի վերաձևման տրամաբանության մեջ։
«Նոր աշխարհակարգի կազմավորումը ստանում է նոր լիցք, և լավ է, որ մյունխենյան համաժողովին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Հայաստանն այնտեղ ներկա է գտնվել գուցե նաև նոր դաշնակիցներով, որովհետև մեր երկիրը 2018 թվականի հեղափոխությունից առաջ չի ընկալվել որպես դերակատար, ինքնիշխան պետություն, այլ համարվել է որպես Ռուսաստանի կույր աղիք։ Հիմա Հայաստանն իսկապես անկախ է, թեկուզ թուլացած ու վիրավոր, բայց ընկալվում է որպես ինքնիշխան պետություն և Մյունխենի համաժողովին ներկայացավ քիչ թե շատ կազդուրված, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքած, ինչը մեր պատմության մեջ առաջին անգամ է»,- նշեց քաղաքագետը։
Սուքիասյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում մեր երկրին նման կարգավիճակ ամերիկյան կողմն առաջին անգամ է տալիս։ Ըստ նրա՝ թեև երկկողմ հարաբերությունների երազային փուլն ընդգրկում է վիլսոնյան ժամանակաշրջանը, այդուհանդերձ նույնիսկ առաջին հանրապետության գոյատևման ընթացքում նման հարաբերություններ չեն հաստատվել ԱՄՆ-ի հետ ու թեև նախագահ Վիլսոնն, անշուշտ, մարդկային հարաբերությունների հարթությունում արել է ամեն ինչ, սակայն նույնը չի վերաբերում միջպետական համագործակցությանը։
«Հայաստանն այսօր գործնական լավ հարաբերություններ է հաստատել նաև Հնդկաստանի հետ։ Ռազմաքաղաքական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությունը նույնպես ունի մեծ ներուժ։ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, տարածաշրջան է բերել ԵՄ դիտորդներին և այդ ամենով ներկայացավ մյունխենյան համաժողովին։ Սա մեր երկրի կարգավիճակի շատ ավելի բարձր նշաձող է, իսկ այդ հարթակը մեզ որոշ հարցերում կողմոնորշվելու հնարավորություն է տալիս»,-ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ծրագրերը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ն ու իրական Հայաստանի գաղափարը բավականին ակտուալ են։
«Իրական Հայաստանի գաղափարն ու 29 743 քառակուսի կիլոմետր տարածքն ընկալելի են և ունեն դաշնակիցներ՝ ի դեմս հավաքական Արևմուտքի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի։ Եվ հակառակը՝ վերացական, պատմական Հայաստանի պատրանքները դաշնակիցներ չունեն, ունեն թշնամիներ։ «Խաղաղության խաչմերուկ-ը» նույնպես ընկալելի տեսակետ է, բայց այդ նախագծի վերաբերյալ դեռևս համաշխարհային կոնսենսուս չկա, որովհետև առկա են գլոբալ տարաձայնություններ։ Այդուհանդերձ, «Խաղաղության խաչմերուկ»-ը գրավիչ կոնցեպցիա է։ Մյունխեն ժամանած և աշխարհի ճակատագիրը որոշող գլխավոր պետությունները համակիր են։ Եթե Հայաստանը համառորեն շարունակի իր ծրագիրը, վստահաբար շատ ավելի լուրջ դաշնակիցներ կգտնի»,-եզրափակեց քաղաքագետը։