Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը, մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։