Հինգ նոր գիրք, համերգային ծրագիր. կանցկացվի «Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի փառատոն»-ը
3 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 16-ին կանցկացվի «Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի փառատոն»-ը, որն այս տարի ներկայանալու է հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ գրքի փառատոնը լավ առիթ է գրքասերների, արվեստի սիրահարների համար։
«Նախ ասեմ, որ փառատոնի շրջանակում ներկայացվելու են Newmag-ի հրատարակած գրքերը և այցելուները հնարավորություն ունեն իրենց նախընտրած գրքերը ձեռք բերել մինչև 40 տոկոս զեղչով։ Դրանից բացի, բավական հետաքրքիր ծրագիր ենք նախատեսել։ Մասնավորապես, լինելու է համերգային ծրագիր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, երգիչներ Սյուզանա Մելքոնյանի, Գոռ Սուջյանի, ինչպես նաև «Արցախի ձայն»-ի և այլ խմբերի մասնակցությամբ»,-ասաց Գնել Նալբանդյանը։
Ավանդույթի համաձայն գրքի փառատոնի շրջանակում այս անգամ ևս ներկայացվելու են նոր գրքեր։ Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը նշեց, որ այս անգամ ներկայացվելու է 5 նոր գիրք՝ հայ հեղինակներից։
«Ավանդաբար ձմեռային գրքի փառատոնին մենք ներկայացնում ենք հայ հեղինակներին։ Այս տարի կլինեն և նոր հեղինակներ, ինչպես նաև արդեն սիրված հեղինակներ իրենց նոր գրքերով»,-ասաց Անի Հակոբյանը։
Մասնավորապես, ներկայացվելու է Սյունե Սևադայի «Արիության մետաղ» քաղաքային վեպն անհայտության մեջ երջանկություն փնտրողների մասին։ Ընթերցասերներին ներկայացվելու է Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը», որը ականտեսի վկայություններ են ծանր գաղթի ճանապարհի ու կորցրած հայրենիքի մասին։ Հաջորդ գիրքը Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն է արցախյան պատերազմի, լքված հայրենիքի, անքնության ու հանդիպման սպասումների մասին։ Առաջին անգամ երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը կներկայացնի իր «Հայելիս» պոեզիայի ժողովածուն։
Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է երիտասարդ գրողների համար։ Տեղում լինելու են հրատարակիչներ, որոնց հետ կարելի է կապ հաստատել՝ հստակեցնելու համար իրենց գրքերն առաջ տանելու հնարավորությունները։ Մյուս կողմից ընթերցասերները հնարավորություն ունեն նաև հանդիպելու սիրված գրողներին ու բացահայտելու նոր գրողների։
Փառատոնի շրջանակում նաև անցկացվելու է գրական մրցույթ։