Իրավունք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք

3 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք:

«Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն: Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ-ն և Ե.Խ-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպիչներից Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Բացի այդ, քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն:  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում