ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը առաջարկում է կողմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ օրինագծի ընդունումը ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտ։ Նրա խոսքով՝ այն ամրագրում է Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը, ՀՀ-ի մոտեցումները նոր մակարդակի հասցնելու և ՀՀ քաղաքացիների ձգտումը։
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը նաև համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տնտեսական և անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը։ Այս քաղաքականությունը վարելու համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության և անդամ երկրների փոխգործակցության աննախադեպ դինամիկան, որն արտահայտվել է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Փոխնախարարն առանձնացրեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված ամենաէական ձեռքբերումներից մի քանիսը։
«2024 թվականի սեպտեմբերին մեկնարկել է Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Վերջինի շրջանակներում այժմ կողմերի միջև տեխնիկական բնույթի բանակցություններ են ընթանում։ Ներկայում բանակցվում է «Հայաստան-Եվրամիություն գործընկերություն․ նոր օրակարգ» խորագրով փաստաթուղթը, որը համագործակցության նոր ուղղություններով կհամալրի և առավել կխորացնի Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ըստ էության, վերոհիշյալ երկու փաստաթղթերը կհանդիսանան Հայաստան-Եվրամիություն գործընկերության իրավաքաղաքական հիմքը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ համագործակցում է Եվրոպական միության հետ։
«Հայաստանը ներառվել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը ԵՄ-ի կողմից կայացրած կարևոր քաղաքական որոշում էր։
2022 թվականից Հայաստանում տեղակայված է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է։ Վերջերս Եվրամիության խորհրդի կողմից որոշում կայացվեց երկու տարով երկարաձգել դիտորդական առաքելության գործունեությունը։ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը, իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։
«Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրում առաջիկա չորս տարիների համար, և Հայաստանը Եվրամիության թեկնածու երկիր չհանդիսացող միակ երկիրն է, որը աջակցություն է ստանում այս ծրագրի շրջանակներում։
Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացմանն աջակցելու գործում։
Եվրամիության աջակցությամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշեց Հովհաննիսյանը։