ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ տրանսֆորմացիան ՀՀ իշխանություններն  անվանում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։ 

«Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը։ Ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում։ Հիմա դուք հարց կտաք, թե իսկ ո՞ւմ գաղափարական տրանսֆորմացիան է դա. դա առաջին հերթին կառավարող թիմի գաղափարական տրանսֆորմացիան է, բայց այստեղից էլ հաջորդ հարցն է ծագում՝ նախկինում այդ ի՞նչ գաղափար ուներ կառավարող թիմը, որ հիմա էլ գաղափարական տրանսֆորմացիա է իրականացնում։ Ես վերջին շրջանում այս թեմայի մասին շատ մտածելով՝ եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ մենք բոլորս չենք գնացել և անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ գաղափարից ենք մենք տրանսֆորմացվում. մենք իրականում եղել ենք ՔՊ-ՀՅԴ, այսինքն՝  ՀՀ-ում իշխած, խորհրդարանում տեղ գրաված, քաղաքական գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները դուրս են եկել ՀՅԴ-ի գաղափարախոսությունից և գաղափարաբանությունից»,- ասել է նա։  

Վարչապետի խոսքով՝ նախկին գաղափարախոսության էությունն ու իմաստն այն է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ «Եվ տրանսֆորմացիան, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է ազգային բարձրագույն նպատակ, Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չկա, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք։ Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Որն է այստեղ վատ լուրը։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։ Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը։ «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցվանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնություն է պետք։ Սա մեր մտածողության ֆունդամենտալ խնդիրն է, և այդ պրոբլեմից են բխում մի շարք խնդիրներ, որ մենք ունենք։ Առանց օգնության ապրելու բանաձևը բացարձակապես չի նշանակում մեկուսացում աշխարհից։ Խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կերպի մասին է»,- նշել է նա։ 

 

Հայերեն

ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին

Պաշտոնական Դամասկոսը հայտնել է սիրիական ապրանքների նկատմամբ սահմանափակումները վերացնելու Թուրքիայի որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը

OpenAI-ի ղեկավարը կարեկցանք է հայտնել Մասկին

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

ԱՄՆ-ը զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին