2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Դենիս Մուկվեգեն աջակցում է համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնողներին
4 րոպեի ընթերցում
![Լուսանկարը՝ «Փանզի» հիմնադրամի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/0ikNjFs8RVCin9Gvs8HCbVuVgbiqfKvyUuZubk2y.webp)
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Դենիս Մուկվեգեն ընտրել է մարդասիրական գործունեությամբ զբաղվող այն անհատներին եւ կազմակերպությունները, որոնց դրամաշնորհ կտրամադրի առաջին փուլով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Հայտնի գենեկոլոգ-վիրաբույժ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեն 2024 թ. դափնեկիր դարձավ 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում կայացած «Ավրորա» մրցանակի շնորhման արարողության ժամանակ:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել այն անհատներին, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Մրցանակն ստանալուց հետո «Ավրորայի» դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ դրամաշնորհ տրամադրելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին՝ այդպիսով մեծացնելով նրանց խիզախ գործունեության ազդեցությունը: Այժմ, երբ Միացյալ Նահանգներում անորոշ է մարդասիրության ոլորտի ֆինանսավորման ապագան, «Ավրորան», որը չի ստանում դրամական միջոցներ որեւէ կառավարությունից, հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով անմիջապես իր շահառուներին եւ աջակցելով նրանց կենսապահպան գործունեությանը։
«Ես խորապես երախտապարտ եմ, որ ունեմ հնարավորություն «Ավրորա» մրցանակի միջոցները կիսելու մերօրյա ականավոր հերոսների եւ կազմակերպությունների հետ, որոնց աշխատանքը վերափոխում է մարդկանց կյանքը: Միասին մենք կկարողանանք շարունակել ավելի պայծառ ապագա կերտել կանանց եւ երեխաների համար՝ նրանց տալով կրթության, մաքուր ջրի եւ առողջապահական ծառայությունների հնարավորություն»,- ասաց բժիշկ Դենիս Մուկվեգեն: ««Ավրորա» մրցանակի դրամաշնորհային մոդելն ընդլայնում է մեր միասնական առաքելությունը՝ ոչ միայն աջակցելու նրանց, ովքեր անցել են աներեւակայելի դժվարությունների միջով, այլեւ կատարելու ներդրումներ հանուն կայուն լուծումների, որոնք կանխում են ոճրագործությունները, ամրապնդում համայնքներն ու բարձրացնում արհավիրքներին դիմակայելու կարողությունը»:
Բժիշկ Մուկվեգեն ընտրել է հետեւյալ շահառու կազմակերպությունները եւ անհատներին, որոնց կաջակցի ֆինանսավորման առաջին փուլում.
Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման (Սոմալի)՝ 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր մայր եւ դուստր, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ օգնում մանկահասակ զինվորներին վերկանգնվել։
Ջուլիեն Լուսենգե (ԿԴՀ)՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, որն օգնում է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին։
Նադիա Մուրադ (Իրաք)՝ «Ավրորայի» մերօրյա հերոս, եզդի իրավապաշտպան, որը հայտնի է ցեղասպանության եւ սեռական բռնության զոհերի իրավունքների պաշտպանությամբ։
Անժելիկ Նամայկա (ԿԴՀ)՝ «Ավրորայի» մերօրյա հերոս, ակտիվիստ, որն աջակցում է իր երկրում քաղաքացիական պատերազմի հետեւանքով տեղահանված կանանց եւ երեխաներին
CEPAC-Նաքիբունդա (ԿԴՀ)՝ տարրական դպրոց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվու նահանգում
Interface Compassion International (ԿԴՀ)՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որն աջակցում է կանանց եւ երեխաներին՝ ապահովելով առողջապահական ծառայություններ, գենդերային հավասարություն, տնտեսական աջակցություն եւ կրթություն