ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և խոստանում շարունակել «արդարության ապահովումը»

2 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) խոստացել է շարունակել իր ​​աշխատանքն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել կառույցի աշխատակազմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

ՄՔԴ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կառույցն «ամուր կանգնած է» իր աշխատակազմի կողքին։ ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ նախագահի կողմից կատարողական հրամանի ստորագրումը՝ նշելով, որ դրա նպատակն է պատժամիջոցներ կիրառել դատարանի պաշտոնյաների նկատմամբ և վնասել նրա անկախ և անաչառ դատական ​​գործունեությունը:

Թրամփի հրամանագրի համաձայն՝ ՄՔԴ-ն մեղադրվում է «անօրինական և անհիմն գործողությունների մեջ»։ Փաստաթուղթը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մասնակից են ԱՄՆ քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ հետաքննություններին: 

Մերձավոր Արևելք

Թրամփի հրամանագիրը ՄՔԴ-ի մասին Իսրայելին և ԱՄՆ-ին կպաշտպանի «դատական ​​պատերազմներից». Նեթանյահու

Նման որոշման պատճառը ՄՔԴ-ի կողմից 2024 թ․ նոյեմբերին Նեթանյահուին կալանավորելու որոշումն էր Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, ինչն Իսրայելը հերքում է: ՄՔԴ-ն նման որոշում էր կայացրել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարի նկատմամբ: 

ՄՔԴ-ն գլոբալ դատարան է, և չնայած ԱՄՆ-ն ու Իսրայելը դատարանի անդամ չեն, սակայն դատարանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար:

Հատկանշական է, որ վերջին տարիներին ՄՔԴ-ն նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հրաման էր տվել՝ Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, թալիբների առաջնորդների ձերբակալության հրաման՝ «աֆղան աղջիկներին և կանանց հալածելու» համար և Մյանմարի ռազմական առաջնորդի ձերբակալության հրաման՝ ռոհինջա մուսուլմանների դեմ հանցագործությունների համար:

Հայերեն Русский