Հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, ինչը բնորոշ է սեզոնին. մասնագետ

7 րոպեի ընթերցում

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ նշելով, որ այս պահին առկա իրավիճակը բնորոշ է սեզոնին։ Ռոմելլա Աբովյանը ներկայացրել է, թե ինչ տիպի սուր շնչառական վարակներ են այս փուլում շրջանառվում և որքանով է իրավիճակը կառավարելի։  

-Տիկին Աբովյան, հանրապետությունում սուր շնչական վարակներով պայմանավորված ինչպիսի՞ վիճակ է ՀՀ-ում:

-Համաձայն իրականացվող համաճարակաբանական դիտարկման արդյունքների՝ ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն, ինչը համահունչ է սեզոնի տվյալ ժամանակահատվածին։ Նախորդ՝ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցածր է՝ 1,1 անգամ։ Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ 

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում հիմնականում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և ռինովիրուսի հարուցիչները։

-Արդյոք կարելի՞ է որակել, որ իրավիճակն իր պիկին է, թե՞ մասնագիտական դիտանկյունից կառավարելի է։

-Իրավիճակը բնորոշ է սուր շնչառական վարակների սեզոնին և կառավարելի է։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային իրավիճակին հետամուտ լինելու նպատակով՝իրականացվում են ուժեղացված դիտարկման աշխատանքներ։ Մասնավորապես, օրական կտրվածքով իրականացվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված հիվանդացության, բժշկական կենտրոններում հոսպիատալացումների և վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվածների տվյալների դիտարկում, և բազմակողմանի վերլուծություն։

Կրթական հաստատություններում իրականացվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների և շենքերի ջերմային ռեժիմի  մշտադիտարկում։ Սեզոնի մեկնարկից ի վեր նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր»՝  սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատողների և երեխաների մուտքը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով, որի տվյալների վերաբերյալ ևս իրականացվում է վերլուծություն։ Վերլուծությունների հիման վրա իրականացվում է իրավիճակի գնահատում անհրաժեշտության դեպքում իրավիճակին արագ արձագանքելու համար։ 

-Վարակը կանխարգելելու համար ի՞նչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում։ 

-Ինչպես արդեն նշվել է ՀՀ-ում հիմնականում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներիկց՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և ռինովիրուսի հարուցիչները։ Գրիպ Ա-ն շնչառական վարակներից առավել ծանր ընթացողներից է, տևում է միջինը 7 օր: Ախտանշաններն են՝ գլխացավ, արտահայտված մկանացավեր, ջերմության կտրուկ բարձրացում, ցավ կոկորդում, չոր հազ, հնարավոր են լուծ և փսխումներ: Տարեցների և իմունային անբավարարությամբ անձանց մոտ կարող են բացակայել տիպիկ կլինիկական նշանները և դրսևորվել գիտակցական խանգարումներով, քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման: Հայտնի են գրիպի ռիսկի խմբերը՝ երեխաներ, տարեցներ, սրտի, թոքերի և այլ խրոնիկական հիվանդությամբ տառապողներ, իմունային անբավարարությամբ և ճարպակալմամբ անձինք, հղիներ, որոնց մոտ գրիպը հակված է առավել հաճախ ընթանալ ծանր և բարդացած ընթացքով, ինչպիսիք են՝ թոքաբորբը, միոկարդիտը, սուր շնչական անբավարարությունը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումով: Այդ պատճառով այս անձանց մոտ սուր շնչառական վարակի նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել տեղամասային բժշկի՝ ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար: Ուշացած, ինքնաբուժում ստացած  դեպքերը նույնպես կարող են պատճառ լինել բարդացած ընթացքի և հաջորդիվ հայտնվելու վերակենդանացման բաժանմունքում:

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային վարակը (ՌՍՎ) նույնպես ուշադրության արժանի սուր շնչառական վարակ է: Բռնկումներ է տալիս ձմռանը և գարնան սկզբին:

Ախտանշաններն են՝ քթահոսություն, ախորժակի անկում, նոպայաձև չոր հազ՝ 1-3 օր անց, փռշտոց, սուլող շնչառություն, հևոց, ջերմության բարձրացումը պարտադիր չէ և կարող է դիտվել ցածր թվերով: ՌՍՎ վարակը կարող է ընթանալ թեթևից միջին և ծանր (թոքաբորբով և բրոնխիոլիտով) ընթացքներով, երբ կարիք է լինում բուժումը կազմակերպել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մինչև 6 ամսական երեխաների մոտ կարող է առաջին նշան լինել ապնոեն՝ շնչառության կանգը:

-Տիկին Աբովյան, որն է հիմնական հորդորը, խորհուրդը մեր համաքաղաքացիներին և որտեղի՞ց կարող են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալ:

-Հիմնական խորհուրդը բնակչության համար ստանդարտ նախազգուշական միջոցառումների պահպանումն է, մասնավորապես. խուսափեք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից։ Եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը, հատկապես սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը։ Եթե հիվանդ եք, ապա հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ բարդություններից հատկապես թոքաբորբից խուսափելու նպատակով։ Մի օգտագործեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված են ոչ թե վիրուսային վարակների, այլ բարդությունների բուժման համար։ Հագնվեք եղանակին համահունչ, պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք անձնական հիգիենային: 

Նշված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է սոցիալական հարթակներում, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (www.ncdc.am) և ՀՀ առողջապահության նախարարության (www.moh.am) կայքէջերում։ 

Հայերեն