Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. Սոբհանի
2 րոպեի ընթերցում
Իրանը դեմ չէ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է արվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու հիման վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։
Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարել է դեսպանը։
Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցք ստանալու վերաբերյալ պարբերաբար հայտարարում են Ադրբեջանի իշխանությունները՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա։