Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի որոշ խոցելի տնային տնտեսություններում իրականցվում են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի որոշ hեռավոր բնակավայրերի շուրջ 20 խոցելի  տնային տնտեսություններում իրականցվում են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, բնապահպանական և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իրականություն է դարձել «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»  ծրագրի շնորհիվ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս:

«Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային ջերմամեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» միջոցառումներն իրականացվում են Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից։  

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով`   ծրագիրն ուղղված է համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ հանրապետության գյուղական համայնքների շատ տնային տնտեսություններ կանգնած են ջերմամեկուսացման խնդրի առջև, ինչը հանգեցնում է բարձր էներգատարության, ցածր ջերմային հարմարավետության և ավելորդ ծախսերի՝  հատկապես ցուրտ ձմեռային ամիսներին։

«Ծրագրով իրականացվող միջոցառումների նպատակն է Հայաստանի համայնքներում՝ սահմանամերձ, բարձր լեռնային գոտիներում, տնտեսական ցածր ցուցանիշներ դրսևորող համայնքներում ցուցադրել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի օգուտները։ Շատ կարևոր է Հայաստանում նվազեցնել  էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը, հանածո վառելիքի օգտագործումը, օգնել նվազեցնել հատկապես վառելափայտի օգտագործումը և նպաստել անտառների պահպանությանը։ Մեր գերնպատակն է իրազեկել մարզային բնակչությանը՝ հիմնավորելով և ցույց տալով, որ ջերմամեկուսացումը կարևոր է և կարող է էականորեն նվազեցնել ընտանիքի ծախսերն ու բարելավել կյանքի որակը։ Այս միջոցառումներն ուղղված են ցուցադրելու էներգաարդյունավետության ներուժը՝ ընտանիքների կոմունալ ծախսերը կրճատելու, կացարանների ջերմային հարմարավետությունը բարելավելու, թերջեռուցման հետ կապված հիվանդացության հաճախականությունը նվազեցնելու, ինչպես նաև անտառամերձ համայնքներում հնարավոր ծառահատման ծավալները կրճատելու ուղղությամբ ,-  նշել է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանը։

20 տնային  տնտեսությունների ընտրության ժամանակ կարևորվել է շահառուների սոցիալական վիճակը, խոցելի խմբերի ներգրավվածությունն, այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանված շահառուների ընդգրկումը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նախապես ընտրված այդ տներում  կկատարվեն պատուհանների փոխարինում, տանիքների և պատերի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի  ստեղծել ավելի էներգաարդյունավետ, առողջ և մատչելի բնակելի պայմաններ։

Դրանից բացի իրազեկման միջոցառումներ կիրականացվեն համայնքների մյուս բնակիչների համար, թե ինչպես կարելի է կրկնօրինակել այս փորձը, պարզ ու մատչելի քայլերով ջերմամեկուսացնել իրենց տներն ու նվազեցնել էներգետիկ ծախսերը։

Հայերեն