Սպորտ

Սեպուհ Պաղտոյանը Համահայկական խաղերը Ջերմուկում անցկացնելը դրական իմպուլս է համարում ամբողջ մարզի համար

2 րոպեի ընթերցում

Սեպուհ Պաղտոյանը Համահայկական խաղերը Ջերմուկում անցկացնելը դրական իմպուլս է համարում ամբողջ մարզի համար

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Սեպուհ Պաղտոյանը (Ավստրիա) ձմեռային խաղերը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում անցկացնելը դրական իմպուլս է համարում ամբողջ մարզի համար:  

«Անասելի ուրախ ենք, որ 11 տարի անց կրկին կարողացանք Համահայկական ձմեռային խաղերն անցկացնել և անցկացնել հենց Ջերմուկ քաղաքում: Մենք, իհարկե, կարևորում ենք այն փաստը, որ հենց այս տարածաշրջանում ենք անցկացնում այս խաղերը: Այսկերպ այստեղ մեր հայրենակիցներին դրական իմպուլսներ, ուժ, հույս ու նոր եռանդ ենք փոխանցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պաղտոյանը:

Վերջինս նաև Ավստրիայի պատվիրակության պատասխանատուն է և իր խոսքում առանձնացրեց, որ այս խաղերին իր ղեկավարած թիմը ներկայացել է 11 մասնակցով (ձնամարտ ու շախմատ)։ 

«Մեզ իսկապես ուրախացնում է այն փաստը, որ առաջին խաղերի համեմատ մենք եռապատիկ անգամ շատ մասնակիցներ ունենք, և այժմ էլ խաղերն իրենց բնականոն հունի մեջ են»,-ասաց նա:

Անդրադառնալով Համահայկական խաղերի ինքնատիպությանը` Պաղտոյանն առանձնացրեց, որ բուն խաղերի ընթացքում ստացվում է համախմբել աշխարհասփյուռ հայությանը սպորտային մրցակցության շուրջ: 

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում