Հայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ անկախ այն փաստից, թե արդյոք Ադրբեջանը բարձրացնում է անկլավների թեման, թե ոչ, հայկական կողմը խոսելու է դրա մասին։ «Չենք կարող հարցը չբարձրացնել։ Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք։ Այսինքն, եթե տեսականորեն մենք ուզենք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք այս հարցը հանենք։ Բայց ո՞վ և ո՞նց կարող է այդ հարցը հանել»,- նշեց վարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ անկլավների հարցը բանակցային սեղանին է։