Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի հետ բանավեճի հարց այլևս չունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։
«Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է, ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեղավորը Հայաստանի իշխանություններն են, քանի որ Ադրբեջանի նախագահը իբր պրագմատիկ մոտեցում է ունեցել և պատերազմ չի ցանկացել։ Լուկաշենկոն նաև հայտարարել էր, թե «Փաշինյանին կանգնեցնել է պետք, քանի որ նա կործանում է Հայաստանը»։