Քաղաքականություն

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է երկու երկրների միջև բարեկամության, դարեր շարունակ եղած սերտ համագործակցության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իրենց պատվիրակությանը հյուրընկալելու համար՝ շեշտելով, որ մեծ պատիվ է Երևանում գտնվելը։ «Որպես արտաքին գործերի նախարար՝ ես առաջին անգամ եմ Երևանում, բայց սա իմ առաջին այցը չէ Երևան։ Ես եղել եմ այս գեղեցիկ քաղաքում և վստահ եմ, որ բազմաթիվ այլ հնարավորություններ դեռ կընձեռվեն և մեծ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալել Վրաստանում։ Շատ ուրախ կլինեմ նաև այցելել Ձեզ Երևանում։ Սա հույժ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, որը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի մեկ տարի առաջ։ Անշուշտ, այս ռազմավարական գործընկերությունը հիմնված է այն բարեկամության, դարեր շարունակ ունեցած սերտ հարաբերությունների վրա, որոնք մեզ կապում են, այդ հիմքերն ամուր են մեր ազգերի և երկրների միջև։ Այս շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք ռազմավարական գործընկերություն, հնարավորություն է ընձեռում էլ ավելի սերտացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Մակա Բոճորիշվիլին շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է, ինչը իրենց համար շատ կարևոր է։ «Մենք մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու ավելի շատ հնարավորություններ ունենք։ Տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում, հայերից շատերն են այցելում Վրաստան, և մենք անչափ ուրախ ենք նրանց հյուրընկալելու համար և շատ ուրախ ենք, որ նրանք  Վրաստան ամենաշատ այցելող երեք ազգերից մեկն են»,- ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել են համագործակցությունը խորացնելու հետ կապված մի շարք թեմաներ, մասնավորապես տուրիզմի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ «Մենք արդեն իսկ ունենք ընդլայնված հարաբերություններ, բայց դրանք խորացնելու տեղ դեռ ունենք։ Անչափ ուրախ եմ, որ ես և իմ գործընկերները իսկապես ուզում ենք այս հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել»,- ասաց նա։ 

Նախարարը հիշեցրեց, որ այսօր Երևանում կայանալու է Հայաստանի և Վրաստանի տնտեսական միջկառավարական հանձնաժողովների 14-րդ նիստը, որը կնախագահեն երկու երկրների վարչապետերը։ «Այս տնտեսական հանձնաժողովը մեզ համար ևս մեկ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու մեր երկրների միջև համագործակցության այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշեց Բոճորիշվիլին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում