Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, թե սպառողների իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու, թե մրցակցային առավել առողջ պայմաններ ապահովելու համար սպասվում են մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, որով սահմանվել են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները: Ի՞նչ է դա ենթադրում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ պայմաններն ու պահանջները վերաբերում են տարբեր ուղղություններին։
«Նախատեսում ենք ստեղծել էլեկտրոնային հարթակ կամ գրանցամատյան, որը հասանելի է լինելու քաղաքացիների համար։ Այդ հարթակում ներգրավված են լինելու զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները՝ տուրիստական օպերատորները, զբոսաշրջային գործակալները, ոլորտում աշխատող ավտոփոխադրման ընկերությունները, գիդերը և այլն։ Այլ կերպ ասած զբոսաշրջության բոլոր սուբյեկտները կհայտնվեն մեկ էլեկտրոնային գրանցամատյանում»,- ասաց Լուսինե Գևորգյանը։
Այդ գրանցամատյանում հայտնվելու համար զբոսաշրջային սուբյեկտները պետք է բավարարեն պետության սահմանած պահանջները։ Այն է, նախ ունենալ պաշտոնական կայքեր, որոնք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին, պարբերաբար թարմացվեն։ Պատշաճ ձևաչափով ներկայացվեն ծառայությունները։ Կայքում որպես օրինակ բաց դրված լինի այն պայմանագրի տեսակը, որը կնքվելու է տուրիստական ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ու սպառողի միջև։ Դրանից բացի, զբոսաշրջային ընկերության տնօրենը պետք է ունենա մասնագիտական աշխատանքային փորձ, աշխատանքներում ներգրավվեն բացառապես որակավորված զբոսավարներ։ Ստացվում է գրանցամատյանում տեղ են գտնելու այն հյուրանոցները, հյուրատները, ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպությունները, որոնք պետությանը ծանուցել են իրենց գործունեության մասին, պետությունը նույնականացրել է իրենց, նրանք ապահովել են որոշակի չափանիշներ ու ստացել են հավաստագիր։
«Դա նշանակում է, որ քաղաքացին, որը ցանկանում է իր հանգիստը կազմակերպել ու չի կողմնորոշվում, թե զբոսաշրջության ոլորտում ծառայություն մատուցող որ կազմակերպություններին դիմի, որոնք քիչ թե շատ վստահելի են, ապա կարող է մուտք գործել այդ էլեկտրոնային գրանցամատյանն ու ծանոթանալ, թե ովքեր են դաշտում գործում»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ Ակնկալվում է, որ այս գործիքակազմը կօգնի, որ քաղաքացիները հեռու մնան անբարեխիղճ տնտեսվարողներից։
Մեկ այլ կարևոր գործիքակազմի ներդրում է սպասվում։ Մասնավորապես սահմանվելու է զբոսաշրջային գործունեության երաշխիք։ Այսինքն՝ զբոսաշրջային ընկերությունը պետք է ծառայություն մատուցելուց առաջ նախ ունենա այդ երաշխիքը, որը կարող է արտահայտվել ապահովագրության կամ բանկում դրված երաշխիքային գումարի կամ ֆոնդի տեսքով։ Դա արվում է այն նպատակով, որ զբոսաշրջային ծառայություն գնող քաղաքացին ֆորսմաժորների դեպքում պաշտպանված լինի։
«Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին զբոսաշրջային ծառայության համար վճարում է, տուրիստականը չի կնքում պայմանագիր, գումարը վճարվում է առձեռն և երբ ծառայությունը պատշաճ չի մատուցվում տուժում է քաղաքացին ու պետությունը չի կարողանում պաշտպանել։ Այժմ այս նոր գործիքակազմով կլինի, այսպես ասած, ֆինանսական երաշխիք, որ ֆորսմաժորային իրավիճակում, սննկացման կամ այլ դեպքերով պայմանավորված քաղաքացին չտուժի»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ Թե այդ երաշխիքը ինչ ձևաչափով կլինի, դեռ պարզ չէ։ Կոմիտեի նախագահը նշեց, որ ստացել են մի շարք առաջարկներ, որոնք քննարկվում են։