Հայաստան

Պետությունը կսահմանի զբոսաշրջային գործունեության երաշխիք

4 րոպեի ընթերցում

Պետությունը կսահմանի զբոսաշրջային գործունեության երաշխիք

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, թե սպառողների իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու, թե մրցակցային առավել առողջ պայմաններ ապահովելու համար սպասվում են մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, որով սահմանվել են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները: Ի՞նչ է դա ենթադրում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ պայմաններն ու պահանջները վերաբերում են տարբեր ուղղություններին։ 

«Նախատեսում ենք ստեղծել էլեկտրոնային հարթակ կամ գրանցամատյան, որը հասանելի է լինելու քաղաքացիների համար։ Այդ հարթակում ներգրավված են լինելու զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները՝ տուրիստական օպերատորները, զբոսաշրջային գործակալները, ոլորտում աշխատող ավտոփոխադրման ընկերությունները, գիդերը և այլն։ Այլ կերպ ասած զբոսաշրջության բոլոր սուբյեկտները կհայտնվեն մեկ էլեկտրոնային գրանցամատյանում»,- ասաց Լուսինե Գևորգյանը։ 

Այդ գրանցամատյանում հայտնվելու համար զբոսաշրջային սուբյեկտները պետք է բավարարեն պետության սահմանած պահանջները։ Այն է, նախ ունենալ պաշտոնական կայքեր, որոնք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին, պարբերաբար թարմացվեն։ Պատշաճ ձևաչափով ներկայացվեն ծառայությունները։ Կայքում որպես օրինակ բաց դրված լինի այն պայմանագրի տեսակը, որը կնքվելու է տուրիստական ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ու սպառողի միջև։ Դրանից բացի, զբոսաշրջային ընկերության տնօրենը պետք է ունենա մասնագիտական աշխատանքային փորձ, աշխատանքներում ներգրավվեն բացառապես որակավորված զբոսավարներ։ Ստացվում է գրանցամատյանում տեղ են գտնելու այն հյուրանոցները, հյուրատները, ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպությունները, որոնք պետությանը ծանուցել են իրենց գործունեության մասին, պետությունը նույնականացրել է իրենց, նրանք ապահովել են որոշակի չափանիշներ ու ստացել են հավաստագիր։

«Դա նշանակում է, որ քաղաքացին, որը ցանկանում է իր հանգիստը կազմակերպել ու չի կողմնորոշվում, թե զբոսաշրջության ոլորտում ծառայություն մատուցող որ կազմակերպություններին դիմի, որոնք քիչ թե շատ վստահելի են, ապա կարող է մուտք գործել այդ էլեկտրոնային գրանցամատյանն ու ծանոթանալ, թե ովքեր են դաշտում գործում»,-ասաց Լուսինե Գևորգյանը։  Ակնկալվում է, որ այս գործիքակազմը կօգնի, որ քաղաքացիները հեռու մնան անբարեխիղճ տնտեսվարողներից։ 

Մեկ այլ կարևոր գործիքակազմի ներդրում է սպասվում։ Մասնավորապես սահմանվելու է զբոսաշրջային գործունեության երաշխիք։ Այսինքն՝ զբոսաշրջային ընկերությունը պետք է ծառայություն մատուցելուց առաջ նախ ունենա այդ երաշխիքը, որը կարող է արտահայտվել ապահովագրության կամ բանկում դրված երաշխիքային գումարի կամ ֆոնդի տեսքով։ Դա արվում է այն նպատակով, որ զբոսաշրջային ծառայություն գնող քաղաքացին ֆորսմաժորների դեպքում պաշտպանված լինի։ 

«Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին զբոսաշրջային ծառայության համար վճարում է, տուրիստականը չի կնքում պայմանագիր, գումարը վճարվում է առձեռն և երբ ծառայությունը պատշաճ չի մատուցվում տուժում է քաղաքացին ու պետությունը չի կարողանում պաշտպանել։ Այժմ այս նոր գործիքակազմով կլինի, այսպես ասած, ֆինանսական երաշխիք, որ ֆորսմաժորային իրավիճակում, սննկացման կամ այլ դեպքերով պայմանավորված քաղաքացին չտուժի»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ Թե այդ երաշխիքը ինչ ձևաչափով կլինի, դեռ պարզ չէ։ Կոմիտեի նախագահը նշեց, որ ստացել են մի շարք առաջարկներ, որոնք քննարկվում են։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում