Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:
Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով.
- Կրթական, կրթամշակութային միջոցառումներ
- Կրթական, կրթամշակութային դասընթացներ
- Հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:
Մրցույթի հայտերը կընդունվեն 2025 թվականի հունվարի 30-ից փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:
Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ [email protected], [email protected]: