Հնդկաստանում կրոնական խոշոր տոնախմբության ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բժիշկներից մեկին։
Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Գանգես գետի ափերին։ Ըստ ամենայնի, գետի ափին քնած մարդկանց տրորել են հավատացյալները, որոնք փորձել են լողալ սուրբ համարվող գետի ջրերում։
Վեց շաբաթ տևող տոնախմբությունը հինդուական կրոնական օրացույցի ամենախոշոր իրադարձությունն է։ Հունվարի 28-ին գետում լողանալու ծիսական արարողությանն ակնկալվում էր միլիոնավոր մարդկանց մասնակցությունը։
Տեղի պաշտոնյաներից մեկը հնդկական PTI լրատվական գործակալությանը հայտնել է, որ հրմշտոցը սկսվել է բազմության կառավարման արգելապատերից մի քանիսի փլուզումից հետո։
1954 թվականին Կումբհ Մելայի ժամանակ մեկ օրում հրմշտոցից մահացել և խեղդամահ էր եղել ավելի քան 400 մարդ։