Հրշեջները մարել են Երևանի Շիրակի փողոցում բռնկված բնակարանային հրդեհը. մեկ մարդ հոսպիտալացվել է, 16-ը՝ տարհանվել
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և նախասրահը՝ գույքով (մոտ 23 քմ), ջերմահարվել է 2 ննջասենյակը (մոտ 20 քմ):
Փրկարարները շենքից տարհանել են 16 քաղաքացու։