Մշակույթ

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնն 92-ամյա պատմությանը նվիրված հուշամեդալներ է թողարկել

5 րոպեի ընթերցում

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնն 92-ամյա պատմությանը նվիրված հուշամեդալներ է թողարկել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել՝ համագործակցելով «47 դիզայն» ընկերության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը հուշամեդալներն արվեստագետներին ներկայացրեց հունվարի 24-ին։ 

Օպերային թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ թատրոնն առաջին անգամ ունեցավ հուշամեդալ, որը կօգնի ներկայանալ նաև օտար երկրներում։ «Հուշամեդալի մի կողմում Ալեքսանդր Սպենդիարյանն է, մյուս կողմում Թամանյանի այն կոթողն է պատկերված, որն ըստ իս ցանկացած հայի համար պարծանք է»,-նշեց մաեստրոն ու հավելեց՝ կարծում է՝ հետագայում հուշամեդալները կհանվեն վաճառքի և օպերային արվեստի երկրպագուների, զբոսաշրջիկների համար կդառնան խորհրդանիշ։ 

Մինչ հուշամեդալների թողարկումը Դուրգարյանն ու մասնագետները բազմաթիվ քննարկումներ են արել, ընթացքում որոշ նյուանսներ փոփոխել են ու եկել վերջնական արդյունքի, որը մաեստրո Դուրգարյանին գոհացնում է։ Ֆինանսական հարցերի մասին հոգացել է «47 դիզայն»-ը։

Անդրադառնալով նախորդ տարի կատարած աշխատանքին՝ Դուրգարյանն ասաց՝ 2024-ին հանդես են եկել մի քանի առաջնախաղով,  հյուրախաղերով, և հուշամեդալի թողարկումը կարող էր լինել 2024-ի վերջնակետը, սակայն որոշել են այն հանրությանը ներկայացնել 2025-ին և ազդարարել, որ նոր տարի են մեկնարկում և 2025-ին ևս մի քանի հետաքրքիր ներկայացումներով են հանդես գալու՝ համագործակցելով օտարազգի մասնագետների հետ։ «2024-ի ամենակարևոր հաջողությունն այն էր, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ համերգ ունեցանք, որը նկարահանեց եվրոպական Mezzo հեռուստաալիքը, ինչի արդյունքում հինգ տարվա ընթացքում այն ամբողջ Եվրոպայում կցուցադրի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հատվածներ օպերաներից, բալետներից։ Դասական արվեստի քարոզչության բուրգի վերևում կանգնած են Mezzo և Medici հեռուստաալիքները»,-մանրամասնեց Դուրգարյանն ու հուշամեդալներից մեկը նվիրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը մասնակցում էր միջոցառմանը։

Անդրեասյանը կարծում է՝ օպերային թատրոնը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետության վարած քաղաքականությունը։ «Օպերային թատրոնն առաջամարտիկն էր ֆինանսավորման նոր մոդելով աշխատելու։ Մի կողմից դա բարդ էր, մյուս կողմից դա հնարավոր եղավ, որովհետև զարգացման այն նախադրյալները, որ կային, ցույց էին տալիս, որ հնարավոր է աշխատանքի նոր կանոններ ունենալ, որոնք տանելու են թատրոնի զարգացանը։ Ուրախ եմ, որ դա թատրոնում էական որակական բան է փոխել»,-ընդգծեց նախարարը։ 

Կարեն Դուրգարյանն էլ շեշտեց՝ այդ մոդելի շնորհիվ կարողանում են ծրագրել թատրոնի մի քանի տարվա աշխատանքները, հետևաբար գիտեն, թե ինչ է իրենց սպասվում, թե ինչ ֆինանսական հոսքեր կարող են գալ թատրոն։ 

Անդրեասյանի համոզմամբ՝ հանդիսատեսը ևս զգում է դրական արդյունքը։ Այդ մասին են վկայում ցուցանիշները։ 2024-ին օպերային թատրոնը 150 հազար հանդիսատեսի է հյուրընկալել։ Վստահ են՝ թատերասերների թիվը կմեծանա։ Թատրոնի տնօրենը կարևորեց նաև թատրոնում վարձատրության մեխանիզմների փոփոխությունն ու հիշեցրեց՝ արդեն երկրորդ տարին է՝ փորձարկում են բոնուսային համակարգը՝ ելույթավճարները։ «Ամեն  տարի փորձելու ենք տոկոսները բարձրացնել։ Անցյալ տարի 43-ից 45 տոկոս աշխատավարձին գումարվել են ֆինանսական հոսքերը։  Վստահ եմ, որ այս տարի և հետագայում 43, 45-ը կբարձրացնենք 50-ի և ավելիի»,-նշեց Կարեն Դուրգարյանը։ 

«47 դիզայն»-ի տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, խոսելով հուշամեդալների մասին, շեշտեց՝ բավականին մեծ քանակով հուշամեդալներ են արտադրել՝ համագործակցելով Մատենադարանի, «Էրեբունի» թանգարանի և այլ կարևորագույն կառույցների հետ։ Օպերային թատրոնի հուշամեդալի շուրջ աշխատել են 11 ամիս։ «Նկարիչների, արծաթագործների, դիզայներների, մոդելավորողների և մաեստրո Դուրգարյանի հետ ենք  աշխատել։ Մաեստրոն մեծ դերակատարություն ունեցավ այս գործում իր նրբանկատ մոտեցմամբ ու խստությամբ, ինչի արդյունքում ստեղծվեցին հրաշալի հուշամեդալներ, որոնք պատմության մի մաս են դառնալու»,-պատմեց Մելիքսեթյանն ու տեղեկացրեց՝ բրոնզե մեդալներն անսահմանափակ թվով են, իսկ արծաթե և ոսկե մեդալները թողարկվել են յուրաքանչյուրը 5 հարյուր օրինակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում