«Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում» հունվարի 24-ին բացվեց հայկական ազգային օպերայի հիմնադիր, երգահան և խմբավար Արմեն Տիգրանյանին նվիրված նոր ցուցադրություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությանը առաջին անգամ ցուցադրվեցին Արմեն Տիգրանյանի՝ ուշ խորհրդային շրջանի հինգ տասնյակից ավելի ցուցանմուշներ, որոնք չեն եղել թանգարանի հիմնական ցուցադրությունում։ Ներկայացված նմուշներն Արմեն Տիգրանյանի անձնական իրերն են, նոտագրումները, պաստառներ, կենցաղային և ժամանցային իրեր, գորգը, պիջակը:
«Ցուցանմուշների մեծ մասը վերականգնվել է վերջին հինգ տարում և որեւէ տեղ ցուցադրված չի եղել։ Ցուցադրությունը բացառիկ է՝ ե՛ւ ցուցադրվող նյութի, ե՛ւ «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» անսպառ հնարավորությունների բացահայտման տեսանկյունից»,-նշեց «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տնօրեն Ինգա Ավագյանը:
«Այս ցուցահանդեսը պլանավորվել էր իրականացնել դեռ նախորդ տարի՝ Արմեն Տիգրանյանի 145-ամյակին, բայց կային որոշ տեխնիկական խոչընդոտներ, որոնց պատճառով այն մի փոքր հետաձգվեց, և այս տարի առաջին բանը, որ արեցինք՝ շտապեցինք իրականություն դարձնել այս նախագիծը, որովհետև այն կարևոր է մի քանի տեսակետից՝ ցուցադրում է Տիգրանյանի անձնական արխիվից նյութեր և իրեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել, և երկրորդ՝ բացահայտում «Կումայրի արգելոցի» անսպառ հնարավորությունները՝ ֆոնդային նյութի իմաստով, որոնք պահվում են արխիվներում՝ տարածքի բացակայության պատճառով, կամ ցուցադրական տեսքի բերված չլինելու պատճառով: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ արգելոց-թանգարանում, բացի առօրյա գործունեությունից, իրականացվում են լայնածավալ գիտական և ռեստավրացիոն աշխատանքներ, որոնց շնորհիվ կարողանում ենք ցուցադրական տեսքի բերել այնպիսի ցուցանմուշներ, որոնք երբևէ չեն հասել ցուցադրական տեսքով»,-լրագրողների հետ ճեպազրույցին նշեց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ թանգարանում այսօր մոտ հինգ տասնյակ անձնական իր է ցուցադրվում, որոնք վերականգնվել և ցուցադրական տեսքի են բերվել հենց թանգարանի շնորհիվ՝ վերջին հինգ տարիների ընթացքում:
«Այսօրինակ նյութեր շատ կան դարակներում և պահվում են արխիվներում, և այս ռեստավրացիոն, թարմացման ու ցուցադրման գործընթացը շարունակական է լինելու։ Դրանք ի ցույց կդրվեն այսպիսի փոքր ցուցադրություններով՝ մինչև նոր տարածքներ կլինեն՝ կա՛մ պատմության թանգարանը կընդլայնի իր տարածքը, կա՛մ առանձին տուն-թանգարան կստեղծվի։ Մինչ այդ դրանք ի պահ կտրվեն «Կումայրի արգելոց»-ի ֆոնդային հատվածում, դրան զուգահեռ կաշխատենք մյուս նյութերի թարմացման ուղղությամբ»,- ավելացրեց Լիլիթ Թովմասյանը։