Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս ՀՀ ազգային ժողովում ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի նախագծի շուրջ ստեղծված քննարկումներին, թե նախարարությունը իբր պատրաստվում է օրենքի միջոցով մշակութային հաստատությունների անվան «ազգային» բառը փոխարինել «համապետական» բառով։ Անդրեասյանը շեշտեց՝ ցավում է, որ հերթական անգամ բովանդակային կարևոր փոփոխությունների փոխարեն խոսվում է անհասկանալի և գոյություն չունեցող խնդիրների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շեշտեց՝ օրենքը բազմաթիվ ու շատ կարևոր փոփոխությունների մասին է։ ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի կարևորագույն փոփոխություններն ուղղված են կարգավորել ինքնազբաղ արվեստագետների դաշտը, երաշխիքների հնարավորություն ընձեռել նաև այս մարդկանց և նրանց կարգավիճակի ու գործունեության զարգացման համար։ Օրենքում տրվում են բազմաթիվ հասկացություններ ստեղծարար արդյունաբերության, մշակույթի, ժամանակակից արվեստի զարգացման նոր հնարավորությունների ու ձևերի մասին։ Ես ցավում եմ, որ հերթական անգամ մենք բովանդակային կարևոր փոփոխությունների փոխարեն ունենում ենք խոսակցություն անհասկանալի և գոյություն չունեցող խնդիրների մասին։ Հուսով եմ՝ որ այս աղմուկը կնպաստի, որ մարդիկ բացեն ու կարդան այս օրենքն ու տեսնեն, թե ինչ կարգավորումներ կան։ Այն դաշտի համար բացում է նոր ու լայն հնարավորություններ»,-ասաց նա։
Նախարարի հետ զրույցը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում թատրոնն արվեստագետներին ներկայացրեց 92-ամյա պատմությանը նվիրված հուշամեդալներ։
Անդրեասյանը բոլորին ցույց տվեց հուշամեդալները՝ ընդգծելով, որ դրանց վրա առկա է «ազգային» բառը, ուստի այդ բառը թատրոնի անվանից հեռացնելու մասին խոսակցություններն անհիմն են։
«Ներկա եմ մի միջոցառման, որի ընթացքում հանրայնացնում ենք հուշամեդալ, որի վրա նշված է Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի անունը։ Կարծում եմ՝ սա ավելի քան խոսուն վկայություն է։ Հազարավոր բառերի փոխարեն խնդրում եմ նայել նկարները»,-հորդորեց նախարարը։
Նա հավաստիացրեց՝ «ազգային» բառը կա և լինելու է։ «Հուսով եմ՝ սա այդ անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե տարբեր տեսակի անհասկանալի տեղեկատվություն մեկնաբանելով»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանն էր հերքել խոսակցությունները, թե օրենք է ընդունվել, որով մշակութային հաստատություններին պարտադրում են անվանումից հանել «ազգային» բառը։ «Հարգելիներս, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ով կողմ է քվեարկել Մշակութային հիմունքների մասին օրենքի նախագծին, (ենթադրաբար այս օրենքն է առիթը, քանի որ ընդդիմությունը այստեղ էր, որ կեղծ տեղեկություն էր տարածում) ուզում եմ հավաստիացնել, որ որևէ կառույցի անվանումը փոխելու կամ այդ կառույցը փակելու մասին որևէ դրույթ այդ օրենքում չկա։ Օրենքը հրապարակային է, կարող եք կարդալ: Ավելին, առկա է հատուկ հոդված, որը փաստում է լրիվ հակառակը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Գաբրիելյանը։