Միացյալ Նահանգներ

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը թույլ կտա Թրամփին վերընտրվել երրորդ ժամկետով

2 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը թույլ կտա Թրամփին վերընտրվել երրորդ ժամկետով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Էնդի Օգլսը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել երրորդ ժամկետի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։ 

ԱՄՆ սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ ոչ մի նախագահ իրավունք չունի պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։

Թրամփի երկրորդ երդմնակալությունը կայացել է 2025 թ. հունվարի 20-ին։ Նա ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2017-2021 թվականներին։ 

Ըստ Օգլսի՝ հարկավոր է Թրամփին տալ անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ ուղղելու նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սկիզբ դրած «աղետալի ուղին» և վերականգնելու Ամերիկայի հզորությունը։ 

Նա առաջարկում է վերանայել Սահմանադրության 22-րդ փոփոխության սահմանափակումը և թույլ տալ ԱՄՆ նախագահներին վերընտրվել երրորդ անգամ։ 

CNBC-ն նշում է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմոկրատներին գերակշռում են ընդամենը երեք մանդատով։ Դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկեն Օգլսի նախաձեռնությանը։

1947 թվականին  ներկայացված և 1951 թվականին հաստատված 22-րդ փոփոխությունն ընդունվել է, որպեսզի երկրում չկրկնվի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի աննախադեպ ընտրությունը չորրորդ ժամկետով։

Ռուզվելտը ԱՄՆ միակ նախագահն է, որն ընտրվել է երկուսից ավելի ժամկետով։ Նա մահացել է 1945 թվականին՝ իր չորրորդ երդմնակալությունից գրեթե երեք ամիս անց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում