ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք մի մեծ գործիք ունենք Չինաստանի վրա ազդելու համար. դա մաքսատուրքերն են, և նրանք դա չեն ցանկանում։ Ես կնախընտրեի դրանք չօգտագործել: Բայց դա Չինաստանի վրա ազդելու հսկայական գործիք է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հարցազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասին նաև ասել է, որ «նա ինձ համար ընկերոջ նման էր», և որ վերջերս նրա հետ տեղի ունեցած հեռախոսազրույցը «հիանալի է անցել»։
«Դա լավ, ընկերական զրույց էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«COVID-ի համավարակից առաջ մենք հիանալի հարաբերություններ ունեինք: Դա շատ հավակնոտ երկիր է: Նա շատ հավակնոտ մարդ է», - հավելել է Թրամփը:
Ավելի վաղ նա սպառնացել էր չինական բոլոր ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել արդեն փետրվարի 1-ից՝ ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների պատճառով, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա ասել էր մաքսատուրքերը մինչև 60% բարձրացնելու պատրաստակամության մասին, ինչը կհանգեցներ երկու երկրների միջև առևտրի կտրուկ կրճատման: