Միացյալ Նահանգներ

Թրամփը պահանջել է գաղտնազերծել Քենեդիների և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ տվյալները

2 րոպեի ընթերցում

Թրամփը պահանջել է գաղտնազերծել Քենեդիների և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ տվյալները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի, նրա եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի սպանության, ինչպես նաև ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների շարժման ակտիվիստ և առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ազգային շահերից է բխում վերջապես անհապաղ հրապարակել այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են այդ սպանությունների հետ», - ասված է Թրամփի կատարողական հրամանագրում:

Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ այդ սպանությունների հետ կապված տեղեկատվությունը թաքցնելը չի համապատասխանում հանրային շահերին, և այդ գրառումների հրապարակման ժամանակը վաղուց է հասունացել։

Հրամանագրում ասված է, որ 15 օրվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենը և գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի և նախագահի խորհրդականի հետ համաձայնեցմամբ, պետք է նախագահին ներկայացնեն այն փաստաթղթերի հրապարակման պլանը, որոնք վերաբերում են նախագահ Քենեդիի սպանության հետաքննությանը:

Նաև հրամանագրի արձակումից հետո 45 օրվա ընթացքում Թրամփին պետք է տրամադրվի այն փաստաթղթերի ամբողջական հրապարակման պլանը, որոնք վերաբերում են սենատոր Ռոբերտ Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում